Հրաշալի խաղ՝ չգոհացնող հաշիվ. Հայաստանի Մ21 հավաքականը ապացուցեց, որ կարելի է պայքարել նաեւ Իտալիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում կայացավ Եվրոպայի 2021 թվականի երիտասարդական առաջնության որակավորման փուլի Հայաստան Մ21 – Իտալիա Մ21 հանդիպումը:

Հանդիպման մեկնարկից առաջ շատերը կարծում էին, թե իտալացիները պետք է ջախջախեն եւ հանգիստ հաղթանակ տոնեն մեր երիտասարդական հավաքականի նկատմամբ, բայց մեր տղաները իսկական ծուղակ էին պատրաստել իտալացիների համար:

Այո, խաղն ավարտվեց հյուրերի 1:0 հաշվով հաղթանակով, բայց այն ցույց տվեց, որ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը կարող է պայքարել յուրաքանչյուր թիմի դեմ: Մեր տղաները Լյուքսեմբուրգի ընտրանուն 2:0 հաշվով հաղթելուց առաջ 0:1 հաշվով զիջել էին իռլանդացիներին, իսկ 1:6 հաշվով իսլանդացիներին: Այդ խաղերից անցավ մեկ ամիս եւ տեսանք, որ թիմը խաղի որակի առումով զգալի աճ է գրանցել: Կարծես Անտոնիո Ֆլորեսի աշխատանքը տալիս է իր պտուղները:

Խաղի վերջին 20 րոպեները անցան մեր թիմի ահռելի առավելությամբ, որի ընթացքում իրենց ֆանտաստիկ դրսեւորեցին Ալբերտ Խաչումյանն ու Սեւակ Ասլանյանը: Ալբերտը հիանալի էր պաշտպանվում եւ մրցակցին շատ հնարավորություններ չէր տալիս, իսկ, ահա, խաղընկերների թույլ տված սխալները սեյվերով մոռացնել էր տալիս Սեւակ Ասլանյանը:

Իտալացիների հարձակման գծում խաղում էր Պատրիկ Կուտրոնեն, ում ներկայությունը բառիս բուն իմաստով մոռանալ տվեցին Հայաստանի հավաքականի պաշտպանները:

Առաջին խաղակեսում նկատվում էր լարվածություն, սակայն արդեն երկրորդ խաղակեսի վերջնամասից սկսած` Հայաստանը խաղում էր առանց կաշկանդվելու: Իհարկե, ցավալի է պարտվել նման խաղում, որտեղ կար հնարավորություն նվազագույնը ոչ-ոքի խաղալու, սակայն կա նաեւ ուրախանալու առիթ. Հայաստանի երիտասարդական հավաքականը Իտալիայի հետ խաղում է տպավորիչ եւ անզիջում ֆուտբոլ:
Իսլանդիայից կրած խայտառակ հաշվով պարտությունից հետո, թվում էր, Անտոնիո Ֆլորեսի օրերը հաշված են, սակայն հիմա տպավորություններն այլ են, իսկ հույսերը` ավելի մեծ:

Խաղից հետո տված մամուլի ասուլիսում Ֆլորեսը նույնպես փաստեց, որ փոփոխություններ թիմում եղել են ու կլինեն. «Այս հավաքականը փոխվել է եւ դեռ շատ կխոխվի: Աճելու տեղ մենք դեռ ունենք: Հավաքականը դեռ շատ ավելի կզարգանա: Հուսանք, որ ամեն ինչ կլինի մարզչի խոսքի տառին համապատասխան:

Կրկին անդրադառնալով խաղին` պետք է նշենք նաեւ թիմի ավագ Ռուդիկ Մկրտչյանի փայլուն խաղը:Վերջինս հրաշալի գործեց նաեւ Լյուքսեմբուրգի հետ խաղում, իսկ, ահա, Իտալիայի դեմ Մկրտչյանը խաղում էր առանց կաշկանդվելու հենց մեկնարկային րոպեներից: Ռուդիկը կարող էր դառնալ խաղի իսկական հերոսը, եթե նրա 50-55 մետրից կատարած հարվածը ավարտվեր գոլով: Ինչեւէ, պարտվեցինք, բայց պարտվեցինք` ֆուտբոլ խաղալով` ցույց տալով բոլորին, որ այս տղաները չեն վախենում նույնիսկ զորեղ Իտալիայից:

Առջեւում դեռ խաղեր կան. հուսանք, որ մեկ ամիս անց այս հավաքականին կտեսնենք ավելի ուժեղ: Իտալիայի դեմ խաղը կարող է նոր ուժ տալ մեր թիմին: Անտոնիո Ֆլորեսը աշխատում է, եւ ընդգծենք, որ հավաքականը մեկ ամսվա մեջ փոխվեց ամբողջությամբ, եւ այդ գործում անկասկած Ֆլորեսի մատը խառն է:Մեր ընտրանին` այժմ վաստակած 3 միավորով, 5-րդն է առաջին խմբում: Բացի Իտալիայից եւ Հայաստանից այս խմբում են ընդգրկված նաեւ Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Իռլանդիայի եւ Իսլանդիայի հավաքականները:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս