Մենք չենք պատրաստվում արձագանքել նրանց. Դավիթ Բաբայանը՝ աղմուկ բարձրացրած տեսանյութի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս քննարկման հարթակներից չի իջնում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում պտտվող տեսանյութ: Կադրերը ներկայացվում են այնպես, իբր Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման և հատել այն։

Արցախից դեռևս պաշտոնական մեկնաբանություն այս մասով չի ստացվել, մինչդեռ նախկինում հայտարարություններ եղել են այն մասին, որ ադրբեջանցիները նմանատիպ նախաձեռնություններով հանդես եկել են:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, թե հակառակորդի կողմից կատարվող նման քայլերին պետք է նորմալ վերաբերվել:

«Դա տեխնիկապես իրականացնել հնարավոր չէ, ադրբեջանա-արցախյան սահմանը լոկ սահման չէ, սա առաջնագիծ է: Պատկերացրեք, եթե ադրբեջանցիները ցանկանան հատել սահմանը, ապա պետք է գան ադրբեջանական մի քանի տարածք հատեն, հետո գան անցնեն ադրբեջանական ականապատված տարածքը, հետո նոր անցնեն մեր տարածք: Դա հնարավոր չէ: Այս առումով նման միջոցառումների իրականացումը էժանագին քայլ է»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ նրանք գիտեն, որ իրենց ոչ մեկ վնաս չի կարող տալ, նրանք չեն կարող հատել սահմանը, այդ իսկ պատճառով էլ նման ֆլեշմոբներ են կազմակերպում:

«Այս միջոցառումները, ոչ մի առնչություն չունեն սահմանային իրավիճակի հետ, էդ ֆլեշմոբ կոչեցյալը սահմանից բավականին հեռու է, անգամ տեսանելի չէ սահմանին: Դա ձևական, անկապ միջոցառում է, որի համար մենք չենք պատրաստվում արձագանքել նրանց, իսկ արկածախնդրություն միշտ ենք սպասում նրանց կողմից»,- հավելեց Բաբայանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս