«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմը մտադիր է առաջիկայում լրացումներ անել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից կազատվեն այն դեպքում, երբ անձն օգտվում է այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ այս արտոնությունը նախատեսվում է կիրառել 36 ամսով, իսկ դրական ցուցանիշներ արձանագրելու դեպքում այն կարող է երկարաձգվել եւս 12 ամսով: Այսինքն` առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ ավիափոխադրողների համար, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ: Ընդ որում, մեզ հայտնի դարձավ, որ այժմ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների համար օդի տուրքի գործող կարգավորումը շարունակելու է պահպանվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավիափոխադրողների կողմից առաջարկվել են սուբսիդավորման տարբերակներ, որոնք կիրառվում են տարբեր երկրներում: Սակայն գործադիրը, համագործակցելով ավիացիոն ոլորտի հեղինակավոր միջազգային կառույցների, ավիափոխադրողների հետ, որոշել է, որ անհրաժեշտ է իրականացնել առաջարկվող այս փոփոխությունը, հետագայում զբաղվել նաեւ օդանավակայանի սակագների նվազեցմամբ: Հայտնի է` հարեւան երկրների օդանավակայանների սահմանած գների համեմատ` մեր «Զվարթնոց» օդանավակայանինը բարձր է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։