Վլադիմիր Պուտինը խոստացավ և պահեց իր խոսքը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի Սիրիայում հայերի անվտանգությանը: ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցում:

«Սիրիայի հյուսիսում կա Ղամիշլի քաղաք: Անտեղ բնակվում է մոտ երեք հազար հայ: Ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ: Մենք մտահոգություններ ունեինք, և ես խնդրեցի Ռուսաստանի նախագահին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաշվի առնվի կոնկրետ Ղամիշլիի հայերի ճակատագիրը: Այն ժամանակ Թուրքիայի ներխուժման պատճառով այնտեղ լարվածությունը շատ մեծ էր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին նրա համար, որ արդյունքում հաշվի են առնվել այս տարածքում բնակվող հայերի անվտանգության հարցերը: Հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն, և հայերի անվտանգության շահերը կշարունակվեն պահպանվել:

ՀՀ վարչապետը հավելել է, որ Սիրիայում Ռուսաստանը շոշափելի ներկայություն ունի: «Նրա դերն անվտանգության ոլորտում բավականին մեծ է: Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի հայերի անվտանգությանը: Հայաստանը նույնպես առաքելություն ունի Սիրիայում: Սակայն մեր առաքելությունը մարդասիրական է, և այն ոչ մի կապ չունի անվտանգության խնդիրների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ այնտեղ իրականացնում ենք այդպիսի մարդասիրական առաքելություն»,- ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, որ Հայաստանը Ռուսաստանից բացի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ միակ երկիրն է, որն իր ներկայացուցիչներին ուղարկել է Սիրիա, վարչապետը պատասխանել է: «Այո, և դա մեզ համար շատ կարևոր առաքելություն է: Ես այն համարում եմ պատմական: Այն հաջողությամբ իրականացվում և շարունակվում է»:

Հարցին՝ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը երաշխավորո՞ւմ է սիրիահայերի անվտանգությունը, ՀՀ վարչապետը դրական պատասխան է տվել:

«Ռուսաստանի նախագահը խոստացավ և պահեց իր խոսքը: Նա ասաց, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն Ղամիշլիի հայության շահերը: Ես նրան տեղեկացրեցի, որ այնտեղ կա մեծ հայկական համայնք: Մենք տեսնում ենք, որ այս խոսակցությունը կոնկրետ դրական հետևանքներ ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս