Գտնվել է բոլորին հարմար օրն ու ժամը․ եվրոպացիները գալիս են Հայաստան․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, եւ որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երեւան են ժամանելու ԵԽ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO/ԳՐԵՎԻՈ) ղեկավար Մարսելինե Նաուդին, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Հելգեսեն, նաեւ ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավար Դանիել Կանջեմին` տեղում քննարկելու կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերն ու դրանց հաղթահարման հնարավորությունները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` եվրոպացիների առաջարկով այս քննարկումը կազմակերպելու բանակցությունները հայկական կողմի հետ բավականին երկար են տեւել, ի վերջո գտնվել է բոլորին հարմար օրն ու ժամը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս