2019թ. մայիսի 17-ին` Ենոքավան գյուղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ մինչեւ 2025 թվականը նախատեսում է արտերկրից Տավուշ վերադարձնել առնվազն 5000 ընտանիք: Հոկտեմբերի 1-ին հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին` պատվիրված նամակով «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը հարցում է ուղարկել մարզպետ Հայկ Չոբանյանին` նրան այլ հարցերի շարքում ուղղելով հետեւյալ հարցը` մինչ այժմ քանի՞ ընտանիք է վերաբնակեցվել Տավուշ, ո՞ր համայնքներում: Մարզպետարանից ի պատասխան հայտնել են, որ պայմանավորված լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ` հարցմանը կպատասխանեն օրենքով սահմանված կարգով` 30-օրյա ժամկետում, եւ դեռ չեն պատասխանել:
Տավուշի մարզպետարանը հայտարարել է, որ արտերկրից մեր հայրենակիցներին Տավուշ վերաբնակեցնելու համար իրականացնում է «Վերադարձ» ծրագիրը, որի շրջանակներում մարզպետարանում պարբերաբար կայանում են հանդիպումներ, քննարկվում են ծրագրի հիմնական գործողությունները, ռազմավարական ուղղությունները, դերակատարները։
Մարզպետարանը հայտարարել է, որ «Վերադարձ» ծրագիրը դիտարկում է որպես իր հիմնական եւ առաջնահերթ ծրագիր, որը պետք է էական նշանակություն ունենա Տավուշի մարզի զարգացման գործում:
Մարզպետարանում այդ ծրագրի քննարկումներից մեկին մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից ընտրված փորձագետ Տիգրանուհի Տարախչյանը, կայացել են հանդիպումներ միջազգային եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք կարող են մասնակցություն ունենալ այդ ծրագրին:
Այդ ներկայուցիչների հետ մարզպետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել ստեղծելու «Վերադարձ» ծրագրի կոալիցիա:
Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այժմ այդ ծրագրով Տավուշի մարզ վերաբնակեցվել է ընդամենը մի ընտանիք, որի վերաբերյալ ֆիլմ է նկարահանվում: 2018թ. Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում Ռուսաստանից, իր նախաձեռնությամբ, ոչ նշված ծրագրով վերաբնակվել է Սեդրակ Ղազարյանի բազմազավակ ընտանիքը։ Տավուշի մարզպետարանն այդ ընտանիքին սառնարան, լվացքի մեքենա է նվիրել, բարեգործական մի կազմակերպության միջնորդել է 8 ոչխար նվիրել: Մարզպետարանից հայտնեցին նաեւ, որ «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը այդ ընտանիքին հագուստ է նվիրել: Սեդրակ Ղազարյանը ասաց, որ այդ հագուստն իր բազմանդամ ընտանիքի անդամների համար անպիտան է եղել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ