ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆԵՑ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները. շիրմաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ էր լցված: ArmLur.am-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, ապա պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել նաեւ ոստիկանությունը: Մասնավորապես` «Եռաբլուր»-ի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերեւից (Բարձրյալը) իրեն ասել է` ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ արել է: Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա: Սակայն նկատենք, որ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ենթադրյալ հանցագործները նման սրբապղծություն միայն «Եռաբլուր»-ում չեն կատարել, այլ որոշ գերեզմանատներում եւս նման դեպքեր են բացահայտվել: Սակայն, ըստ էության, դրանք չեն հայտնաբերվել, եւ միայն երեկվա դեպքից հետո ոստիկանությունը կարողացավ արագ կերպով հայտնաբերել կասկածյալին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենաները թալանելու դեպքը չորս ամիս անց դեռեւս բացահայտված չէ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այդ ժամանակ անձնական հսկողության տակ էր վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները, սակայն ամենաօպերատիվ կերպով բացահայտում ենթադրող հանցագործությունը չորս ամիս անց կրկին բացահայտված չէ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմել է ՀՀ քննչական կոմիտե` հասկանալու համար, թե գործով կան արդյոք մեղադրյալներ, կամ կոնկրետ անձինք խոստովանել են հանցանքը, թե ոչ: Ի պատասխան` հայտնել են, որ այս քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Եվ չնայած երեկ ոստիկանությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ավելի օպերատիվ գործեցին, սակայն հենց ամենաթողությունն ու դանդաղկոտությունն է հաճախ նման իրավիճակների հանգեցնում եւ ծնում նոր հանցագործություններ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ստամբուլյան կոնվենցիային նվիրված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ բավական թեժ է անցել: Գաղտնիք չէ, որ այդ կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Եվ պատգամավորների մի թեւը չի էլ թաքցնում, որ դեմ է նախագծին, եւ որոշել են` կա՛մ չեն մասնակցելու քվեարկությանը, կա՛մ ուղղակի դեմ են քվեարկելու: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ նախարարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորների այդ հատվածը բացահայտ կերպով հայտնել է իր անհամաձայնությունը: Եվ որքան էլ նախարարը փորձել է բացատրել, ներկայացնել, սակայն պատգամավորների «տղայական» թեւն անդրդվելի է մնացել, եւ նույնիսկ հորդորել են նախարարին հանել դա օրակարգից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը եւս նրանց թվում է եղել եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կեղծ օրակարգ որակեց այն` ընդգծելով, որ կոնվենցիայի` խորհրդարան բերվելու դեպքում ինքը հավանաբար դեմ կքվեարկի:

 

 

 

Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծը տանում-բերում են, եւ դեռ վերջնական ճակատագիրը հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարել էր, թե, որպես նախարար, շատ է կարեւորում հանցավոր տարրերի դեմ պայքարը: Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն այդ նախագծի հետ կապված նշեց. «Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել, եւ կրկին նորից ենք ուղարկել»:

 

 

 

Մեկ ամիս է` Թեղուտի հանքավայրը կրկին շահագործվում է: Սակայն պարզվում է` Թեղուտի հանքավայրի պոչամբարի վիճակի գնահատում մինչ օրս արված չէ, եւ պարզ չէ` շահագործման հետեւանքով պոչամբարի պատվարը կփուլզվի, թե ոչ: Եվ ավելին, պարզվում է` գերատեսչություններն իրենց տեղում չեն եւ իրար վրա են գցում տեխնիկական անվտանգությունը գնահատելու պարտականությունը: Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե իրենք չեն այդ հարցերով զբաղվում, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Իր հերթին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իր ղեկավարած նախարարությունը Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության վերաբերյալ եզրակացություն տվել է, սակայն ռիսկերի մասին պետք է եզրակացություն տա արդեն Ջրային կոմիտեն: Բայց Ջրային պետական կոմիտեից էլ պնդեցին, որ պոչամբարների պատվարներն իրենց հետ կապ չունեն: Մի խոսքով, պոչամբարն անտեր է։

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆՆ Է ԼԱՎԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամառային հանգստի օրերին պոզիտիվ տրամադրություններ տարածել: Մասնավորապես` երեկ նա հայտարարեց. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ, ահա, 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով»: Այս աճը հնարավորություն կտա բազմաթիվ խոշոր ծրագրեր իրականացնել երկրում:
Եւ եթե շարունակենք պոզիտիվի թեման, պետք է արձանագրենք ՀՀ ֆինանսների նախարարության նախօրեին հեղինակած օրենսդրական փոփոխությունը, որով հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկ ունեցողներին վարկային արձակուրդ ձեւակերպել: Ինչի՞ մասին է խոսքը:
Եթե, օրինակ, որեւէ մեկի կյանքում եղել է ֆորսմաժոր կամ փոխել, կորցրել է աշխատանքը, երեխա է ունեցել եւ էլի շատ պատճառներ, կարող է դիմել իրեն վարկ տված բանկին եւ 1 տարվա ընթացքում 1 անգամ մինչեւ 6 ամիս ժամանակով հետաձգել վարկի մարման գործընթացը: Այսինքն` վերցնել վարկային արձակուրդ, մինչեւ ֆինանսական կայունություն լինի, եւ հնարավորություն լինի շարունակել կանոնավոր վճարումները:
Սա, կարծում ենք, մեծ հնարավորություն է տալիս մարդկանց չվախենալու հիփոթեքային պայմանագրով տուն գնելու հեռանկարից: Մարդիկ այսօր մեծամասամբ հենց վարկը մարելու դժվարությունների տխուր հեռանկարով պայմանավորված են խուսափում հիփոթեքային պայմանագրեր կնքել ու բնակարան գնել` գերադասելով բնակվել վարձով բնակարաններում: Այս օրինագիծը, երբ արդեն կառավարության, խորհրդարանի, ինչպես նաեւ ՀՀ նախագահի կողմից վավերացվի, կարելի է ասել, որ հիփոթեքային շուկայում հեղափոխության կբերի:
Այս քայլը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նպատակը ոչ թե բանկերին հարստացնելն է, ինչպես, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ, նախկին բանկիր, այսօր ԵԱՏՄ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում էր, այլ ՀՀ քաղաքացիներին մեր երկրում բնակվելու տարրական պայմանների ապահովմանը նպաստելը: Ու ինչքան շատ քաղաքացիները բանկերի հետ փոխհարաբերությունները հեշտ ու անխնդիր կառուցեն, այնքան ավելի լավ կլինի: Ու, կարծես թե, այդ ճանապարհը ընտրված է, եւ կյանքը ցույց տվեց, որ բանկերն էլ առանձնապես չեն դիմադրում:




Լրահոս