Այս տարվա դեկտեմբերին լույս աշխարհ կգա երգչուհի Լայանայի երկրորդ զավակը: Երեխայի սեռի մասին նա նախընտրում է լռել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհին անկեղծացավ երկրորդ անգամ մայրանալու հետ կապված զգացումների մասին.
«Եթե անկեղծ, կարծես առաջին անգամ մայրանալիս լինեմ, զրոյից եմ սկսել ամեն բան: Չեմ պատկերացնում, որ նորածին երեխա եմ գիրկս առնելու, նորից անցնելու եմ երեխաների խնամքի հետ կապված բոլոր էտապներով: Երեւի ճիշտն այն է, որ երեխաների միջեւ տարիքային տարբերությունը մեծ չի լինում, եւ մայրը չի հասցնում հետ վարժվել իր առօրյայից:
Իսկ դստերս եւ ապագա բալիկիս միջեւ շուրջ 5 տարվա տարբերություն կլինի: Ամբողջովին մոռացել էի երեխայի ծնունդի հետ կապված ապրումները: Անչափ հաճելի սպասումներ ունեմ: Ամենակարեւորն այն է, որ հղիությունս աշխատելով անցավ: Ընդամենը մի քանի օր է, ինչ տանն եմ: Աշխատելով շատ արագ անցավ այս ընթացքը: Հիմա, երբ տանն եմ, ամեն օրը տարի է թվում»:
Երգչուհու ամուսինն ու դուստրը եւս շատ են սպասում փոքրիկի ծնունդին. «Անչափ հաճելի է թիկունքիս զգալ ամուսնուս աջակցությունը: Էլինան էլ իր հերթին բարձր տրամադրությամբ ամեն օր փորիկս գրկում է, հարցնում է, թե քանի օրից պետք է փոքրիկը լույս աշխարհ գա: Անընդմեջ հարցեր է տալիս: Էլինայի բարի բնավորության մասին իմանալով՝ կարող եմ ասել, որ նա չի խանդի փոքրիկին:
Մենք իրեն արդեն նախապատրաստել ենք այդ ամենին, նվերներ ենք առել, որպեսզի որեւէ կերպ ուշադրությունից դուրս չմնա»,- պատմեց Լայանան:
Նա այն մայրերից է, որոնք նախապես շատ մանրամասն պատրաստվում են փոքրիկի ծնունդին եւ չեն սիրում ամեն բան վերջին պահին անել: «Այդպես հոգեբանորեն ավելի հանգիստ եւ ապահով եմ ինձ զգում»,- եզրափակեց երգչուհին:
Հիշեցնենք, որ Լայանայի դուստրը՝ Էլինան, ծնվել է 2015 թվականի ապրիլին:
Անի Անտոնյան