Չեմ հասկանում այն աղջիկներին, որոնք կարող են իրենց մայրերի հետ վիճել եւ ամիսներով չխոսել նրանց հետ. Անի Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է շարքը, որի շրջանակում ընթերցողին ներկայացնում է հայտնի կանանց հետ զրույցներ: Նրանք կիսվում են իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով: Այս անգամ մեր զրուցակիցը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Պետրոսյանն է, որը հայտնի է մի շարք ֆիլմերից: Նա անդրադարձել է իր բնավորության գծերին, մայրիկի հետ հարաբերություններին, կնոջ իր իդեալին: Անին խոստովանել է, որ կնոջ մեջ կարեւորում է ֆիզիկական եւ, հատկապես, հոգեւոր մաքրությունը: Դերասանուհին նշել է՝ որեւէ մեկին ընդօրինակել չի սիրում, նախընտրում է մնալ այնպիսին, ինչպիսին կա:

-Անի՛, նախ` մեր ավանդական հարցը՝ կին ծնվու՞մ են, թե՞ դառնում, կերտվում. կանացիությունը բնատո՞ւր է, թե՞ այն ձեռք են բերում:

-Կին ծնվում են, ու կանայք տարբեր են: Չես կարող ասել՝ ով է ավելի կանացի. դա կախված է այն բանից, թե ով է այդ կնոջը նայում:

-Ունե՞ք կանացի մի հատկություն, որը փրկել է կին-տղամարդ հարաբերություններում:

-Ինձ թվում է՝ ոչ, չունեմ:

-Երբեւէ ունեցե՞լ եք կնոջ իդեալ, կանացիության սիմվոլ:

-Իմ մայրն է ինձ համար այդ սիմվոլը եղել: Ընդհանրապես, ընդօրինակել չեմ սիրում. ինչպիսին ծնվում ես, այդպիսին պետք է մնաս, այդ կերպարն է քոնը: Եթե դու քեզ չդավաճանես, ինքնատիպ, հետաքրքիր ու եզակի կլինես:

-Հակառակ սեռի ներկայացուցիչներից հաճա՞խ եք նվերներ ստանում:

-Այո:

-Ավելի շատ սիրում եք նվեր տա՞լ, թե՞ ստանալ, ո՞րն է Ձեզ ավելի մեծ բավականություն պատճառում:

-Երկուսն էլ: Սիրում եմ, երբ ինչ-որ մեկին ուրախացնում եմ. դա է նվերի իմաստը:

-Գրականության մեջ կա՞ կնոջ կերպար, որը տպավորել է Ձեզ:

-Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպում Մարգարիտայի կերպարը: Բավական բարդ կերպար է, բայց շատ եմ սիրում:

-Իսկ Ձեր խաղացած կերպարներից ո՞րն է Ձեր կյանքում հետք թողել:

-Կերպարները զգալի հետք չեն թողնում իմ կյանքում, հեշտ եմ դուրս գալիս դրանց ազդեցությունից: Այն, ինչ կատարվում է բեմում, թողնում եմ բեմում: Կերպարը պետք է ինքն իր կյանքով ապրի, ոչ թե դու՝ իր:

-Քույր ունե՞ք:

-Ոչ, բայց հորաքրոջս դուստրերի հետ շատ մտերիմ ենք եղել, միասին ենք մեծացել:

-Ձեր մայրիկի հետ հոգեկան կապը որքանո՞վ է ամուր: Հոգեբաններն ասում են, որ չափահաս դառնալուց հետո երեխայի «պորտալարը» պետք է կտրվի մորից:

-Շատ կապված եմ մայրիկիս հետ, եւ կհավատա՞ք, երբեք չեմ վիճել նրա հետ: Շատերը զարմանում են… Եթե մի վայրկյան անհաշտություն ենք ունենում, զգում եմ՝ նեղացել է, անմիջապես հարթում եմ իրավիճակը: Չեմ հասկանում այն աղջիկներին, որոնք կարող են իրենց մայրերի հետ վիճել եւ ամիսներ շարունակ չխոսել նրանց հետ:

-Ձեր ընկերների շրջանում իգակա՞ն, թե՞ արական սեռի ներկայացուցիչներն են գերակշռում:

– Հավասար են: Շատ մտերիմ ընկերներս 5-6 հոգի են, արդեն 20 տարի է՝ ընկերություն ենք անում:

-Ձեր կանացիությունը արտահայտում եք բոլորի՞ մոտ, թե՞ եզակիների շրջանում:

-Ես երբեք հատուկ ոչինչ չեմ անում:

-Ձեր տրամադրության ներկայիս գույնը ո՞րն է:

-Քանի որ այս պահին «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման փորձերում եմ ընդգրկված, ներսումս ամեն բան խառնվել է իրար, գույնը անորոշ է (ծիծաղում է):

-Եվ վերջին հարցը՝ կնոջ ո՞ր հատկանիշն եք առանձնակի կարեւորում:

-Ֆիզիկական եւ, հատկապես, հոգեւոր մաքրությունը: Մարդու միայն մարմինը չէ, որ պետք է մաքուր լինի, այլեւ հոգին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս