Ազգությամբ՝ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա օպերային պարահանդեսի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը:
«Ու՞ր ենք հասել… Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երեւույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-նշել է նա։
Այս հայտարարությունից հետո մշակույթի գործիչների շրջանում բուռն քննարկումներ ծավալվեցին: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը կատարվածը զարմանալի է համարում. «Յուսիֆ Էյվազովի ֆանատը չեմ, բայց օպերային բնագավառում ազգային հողի վրա ադրբեջանական երգիչների հետ խնդիրներ չեն լինում։ Զարմանալի է։ Դինարա Ալիեւան ելույթ ունեցավ մեր Լիպարիտ Ավետիսյանի հետ։ Հենց ՅուսիֆըԳեւորգ Հակոբյանի հետ Մեծ Թատրոնում «Пиковаядама» առաջնախաղում հանդես եկավ»,-հիշեցրեց պարոն Ջավադյանը։
Համերգի կազմակերպիչ SemperOperaball կազմակերպությունը հերքել էր տեղեկությունը՝ դատապարտելով Էյվազովի հասցեին մեղադրանքները եւ նշելով, որ Ռուզան Մանթաշյանի հետ փետրվարի 7-ին կայանալիք համերգի վերաբերյալ պայմանագիր չի ունեցել։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, սակայն նա առայժմ հրաժարվում է մեկնաբանություն տալ: Փոխարենը սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող «Աժանս Մասիս օպերա» գործակալությունը հունվարի 14-ին մեկնաբանել է տեղի ունեցածը: Մեջբերում ենք հայտարարությունից մի հատված. «Semper Opernball-ի կողմից կար ցանկություն վարձելու Ռուզան Մանթաշյանին փետրվարի 7-ի համերգի համար։ 2020թ․ հունվարի 10-ին մենք ստացանք գրավոր նամակ, որով ազդարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցության չեղարկումը, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չէր ցանկանում ելույթ ունենալ նրա հետ այն պատճառներով, որոնք նշվել են մեր առաջին մամուլի հաղորդագրությունում։
Սա հնարավոր է, ստեղծել է շատ խրթին իրավիճակ կազմակերպիչների համար, բայց այս իրավիճակի զարգացման դեպքում մենք չունենք պատասխանատվության որեւէ ձեւաչափ, ինչը բացասաբար է անդրադառնում մեր արտիստի վրա» (Թարգմանությունը՝ «Սիվիլնեթի»):
Երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը նկատել է. «Ազերի օպերային երգչի հրաժարվելը Դրեզդենի օպերայում հայ երգչուհու հետ ելույթ ունենալուց ազգային խտրականության փայլուն ապացույց է։ Մնաց՝ հայկական արտաքին գերատեսչությունը փայլի»։
Աննա Բաբաջանյան