Ապօրինություն գործածները պետք է պատժվեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լծված է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծման աշխատանքին: ՀՔԾ-ի այս ձգտումներն ավելի խորացան հատկապես նախորդ տարվա փետրվարից, երբ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց «Մարտի 1»-ի գործով որոշ նախկին եւ ներկա պաշտոնյաների՝ Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի, Վլադիմիր Գասպարյանի եւ այլոց նախաքննական ցուցմունքները:

Սակայն ուշագրավ է, որ դեռեւս անցած տարվա գարնանը, երբ որոշ հրապարակումներին հաջորդեց նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը, ՀՔԾ-ն պաշտոնական-նախազգուշական հայտարարություն տարածեց, թե լրատվամիջոցը հրապարակել է նախաքննական գաղտնիք, եւ պահանջեց աղբյուրի բացահայտում, ինչը, բնականաբար, օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի կողմից չարվեց, քանի որ դա դեմ է մեր սկզբունքներին: Իրեն հարգող ոչ մի պրոֆեսիոնալ լրագրող չի կարող ինֆորմացիայի աղբյուր բացահայտել:

Նշենք, որ երբ մեզ պարզ դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը վերծանել է Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը, որպեսզի պարզի՝ ով է զանգահարել լրագրողին կամ հակառակը, եւ նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին, Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ երեկ Երեւանի վերաքննիչ դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, կայացավ այս գործով Քնար Մանուկյանի բողոքի քննությունը: Դատավորը վճիռ կայացրեց՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:

Այսինքն՝ Քնար Մանուկյանի հեռախոսազանգերի վերծանումները հանելը ապօրինի է, ինչը ենթադրում է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինություն են գործել ու պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք հետամուտ կլինենք»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս