Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը: Նա «նախազգուշացրել է» Հայաստանին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին՝ կապված Հայկական ատոմակայանի փակման հետ։ Նրա խոսքով՝ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել Հայաստանի համար «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։
Միաժամանակ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ զրույցից «պարզ է դարձել», որ շինարարությունը պետք է սկսվի այս տարի։




























