«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Նախօրեին «Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման դեպքը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթին հյուրանոց ներխուժած եւ ձերբակալված Արթուր Թորոսյանի մասին իրավապահների բանավոր խոսակցություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նա իր քայլը բացատրել է բավականին տարօրինակ կերպով: Երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչու է զենքով ներս մտել, ինչու է կրակել, նա բանավոր բացատրել է, թե ինքը մենակ չի եղել, իր մեջ մարդ կա, որը ասել է՝ գնա՛ այդ քայլին: Ավելին՝ նա խնդրել է իրեն ժամանակ տալ, որ իր միջի մարդու հետ խոսի, որպեսզի կարողանա պատասխանել բոլոր անհրաժեշտ հարցերին: Այնուհետեւ նա ասել է, թե իր մեջի մարդը ցանկացել է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, քանի որ նրան բան ունի ասելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ իրավապահները նշանակել են դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզեն՝ ինչքանով է հոգեպես հավասարակշիռ վիճակում եղել Արթուր Թորոսյանը հարձակում գործելիս: Նկատենք նաեւ, որ նախաքննական մարմինը պարզել է, որ Արթուր Թորոսյանը որսորդական զենքը գնել է օրեր առաջ հենց հյուրանոց մտնելու նպատակով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։