2020թ. հունվարի 7-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Կարեն Ծաղիկյանը մահացել է: Կ. Ծաղիկյանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ կպարզվեն ինչպես Կ. Ծաղիկյանի մահվան հանգամանքները, այնպես էլ նրա ախտորոշման ճշտությունը, ցուցաբերված բժշկական օգնության պատշաճությունը, իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հնարավոր հանգամանքները: Հունվարի 15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ում 59-ամյա դատապարտյալ է մահացել, որի մահվան փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի հետ:
-Տիկի՛ն Գալյան, «Դատապարտյալների հիվանդանոցում» օրերս մահացել էր կալանավոր Կարեն Ծաղիկյանը, եւ վերջինիս հարազատները տեւական ժամանակ պայքարել են ու բարձրաձայնել են, որ նրա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի են: Մահվան կապակցությամբ անգամ քրեական գործ է հարուցել ՀՀ գլխավոր դատախազությունը: Ի՞նչ է անում ՀՀ արդարադատության նախարարությունը նման դեպքերից խուսափելու համար: Ի վերջո, կատարվածի մեջ, ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, այնպես էլ Դուք Ձեր մեղքի բաժինը ունեք:
-Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են, սա ամենալավ պատասխանը չէ, բայց որոշ դեպքերում կարող եմ Ձեզ վստահեցնել, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք բժշկական վերահսկողության տակ են: Այսօր արդեն «Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարբերաբար դատարան են ներկայացնում միջնորդություններ՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ:
-Այդ դեպքում ՊՈԱԿ-ը ինչո՞ւ ուշացրեց, որ Ծաղիկյանը մահացավ:
-Տեսեք, կոնկրետ դեպքի վրա չեմ ցանկանա կենտրոնանալ, ընդհանուր պատկերը կասեմ, շատ դեպքերում դա պատճառ է լինում ինչ-որ բյուրոկրատական քաշքշուկների: Իհարկե, չեմ կարող չնշել, որ դատարանը հիմնականում արագ է արձագանքում եւ շատ արագ կազմակերպում է դատական նիստը եւ գործի քննությունը:
-Հիմա փաստ է մեկ բան, որ կալանավորի հարազատները տեւական ժամանակ պայքարել են նրա խափանման միջոցը փոխելու համար, բայց արդյունքում բոլոր մարմինները շատ զբաղված են եղել, ու կալանավորը մահացավ: Դուք անձամբ՝ որպես ՀՀ արդարադատության փոխնախարար, որպես քրեակատարողական հիմնարկների ոլորտը համակագող, Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում:
-Մեղքի բաժինը չտեսնել շատ դժվար է, միշտ էլ յուրաքանչյուր մահվան դեպքով՝ դա կլինի ինքնասպանություն կամ առողջության քայքայման հետեւանքով մահ, միշտ էլ մեղքի բաժին փնտրելը, կարելի է ասել, դարձել է մեզ համար սովորական երեւույթ, եւ փորձում ենք անել ամեն ինչ՝ կրճատելու կամ գոնե մինիմումի հասցնելու այսպիսի դեպքերը: Այսօր կոնկրետ վիճակագրական տվյալներ չեմ կարող ասել, բայց նախորդ տարվա համեմատ՝ իրականում այս տարի մահացության դեպքերը գրեթե կիսով կրճատվել են: Դա, իհարկե, համաներման ակտով է պայմանավորված, քանի որ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվել են: Կրկնում եմ՝ այսօր ստեղծվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, եւ ՊՈԱԿ-ի հաստիքներն ամբողջությամբ համալրված են, եւ մենք փորձում ենք որակյալ կադրերով համալրել ՊՈԱԿ-ի աշխատակազմը, որպեսզի պատշաճ բուժում իրականացվի: Իրականում բացառել նման դեպքերը չենք կարող: Պետք է նշեմ, որ մահվան դեպքերից հետո ամեն անգամ հանձնարարականներ են իջեցվում, եւ վերահսկողությունն է պատշաճ կերպով իրականացվում:
-Այս դեպքից հետո է՞լ է իջեցվել հանձնարարական:
-Այս դեպքից հետո ունեցել ենք եւս մեկ դեպք:
-Ի՞նչ հանձնարարականի մասին է խոսքը:
-Նախ հաշվառել բոլոր, այսպես ասած, առողջության քայքայմամբ տառապող անձանց, ուժեղացնել նրանց նկատմամբ հսկողությունը, որպեսզի հասկանանք՝ ովքեր են գտնվում ռիսկային գոտում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿ
Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց՝ կենտրոնի ծննդատունը փակվում է, թե ոչ: Նա պատասխանեց, որ անորոշ վիճակ է, իրենք ոչինչ չգիտեն, կառավարությունը մերժել է Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատան փակման ծրագիրը, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ծննդատունը փակվելու է: Կ. Վարդապետյանն ասաց, որ այդ անորոշության պատճառով իր ղեկավարած բուժհիմնարկության աշխատողներն անելանելի վիճակում են:
Վերջին ծնունդը ե՞րբ եք ընդունել: Այդ հարցին պատասխանելով՝ Կ. Վարդապետյանն ասաց, որ հունվարի 15-ին «5-րդ» հեռուստալիքի ուղիղ եթերում ցուցադրվել է այդ նորելուկի՝ լույս աշխարհ գալը: Դրա համար ձեզ որեւէ ձեւով պատժե՞լ են: Այս հարցին պատասխանելով՝ Կ. Վարդապետյանը հայտնեց, որ պատահական է ստացվել նկարահանումը, լրագրողական խումբը Աչաջրի առողջության կենտրոնում է գտնվել, երբ բերել են ծննդկանին, վերջինս գրավոր իր համաձայնությունը տվել է, որ իր ծննդաբերությունը նկարահանվի: Ծննդատանը հղիի ծննդաբերության ժամանակ լրագրողը եղել է առանց բժշկական խալաթի եւ գլխարկի, դա խախտում չէ՞: Այս հարցի վերաբերյալ Կ. Վարդապետյանը հայտնեց, որ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կարող են ծնունդներ ընդունել նաեւ շտապ օգնության մեքենայում, այդ ժամանակ բժիշկը կարող է չհասցնել բժշկական ձեռնոցներ կրել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է Աչաջրի առողջության կենտրոնը հզորացնելու, տեխնիկապես արդիականացնելու մասին: Դրա վերաբերյալ Կ. Վարդապետյանն ասաց, որ չգիտի, թե ինչպես եւ երբ է կատարվելու:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Պետական եկամուտների կոմիտեի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը: Իրանի քաղաքացի Ս.Ղ.-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Որպես թաքստոց հանդիսացել են ծանրոցում առկա 2 ստվարաթղթե արկղերի պատերը եւ հատակը: Հաջորդ օրը Երեւանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել առաքանին ուղարկող Իրանի քաղաքացին. հարուցված քրեական գործի շրջանակում նա ձերբակալվել է:
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքի հրդեհման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է: Գործի վարույթը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ): Ն. Ամիրյանին պատկանող հողատարածքում հրդեհ էր բռնկվել 2019թ. հունիսի 16-ին: Ամիրյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որի հիման վրա հարուցվել էր քրգործ՝ ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
ՏՆՕՐԵՆԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել բուժհիմնարկի տնօրենին: 2019թ. օգոստոսի 23-ին տեղեկություններ են ստացվել՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում չարաշահումների վերաբերյալ: Պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը պաշտոնավարման ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով 2017թ. հունվարի 1-ից 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում: Հարուցվել է քրեական գործ:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է
Օրեր առաջ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Նշան Մ.-ն: Վերջինս 2019 թ. հունվարի 29-ից հետախուզվում էր ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Ներքին գործերի վարչության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (ՃՏՊ` մահվան ելքով) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` ստորագրություն՝ չհեռանալու մասին:
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում նախօրեին հատուկ միջոցառում է իրականացվել Արագածոտնի մարզում: Տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք: Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ: Հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ այլն: Դրանք առգրավվել են: Նշանակվել են փորձաքննություններ: Արձանագրվել է ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի, ինքնաձիգի պահունակների, տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք:
ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: