Երեկ Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը:
Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման սպասելիքների և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի հետ:
«Հաճախակի հանդիպումները նպաստում են, որպեսզի երկու պետությունների մեջ թշնամանքը մեղմանա և հնարավորություն ընձեռնվի խաղաղ հանգուցալուծում տալ Արցախի հիմնախնդրի կարգավորմանը: Այս պահին ես որևէ լուրջ ակնկալիք չունեմ բանակցություններից, բայց բանակցությունների փաստն էլ այսօր ոգևորիչ և հուսադրող է, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք շատ հարցերում Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարարի գալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Շիրակ Թորոսյանի դիտարկմամբ՝ բանակցային գործընթացը կարողացել է ապահովվել շփման գծում կայունության հաստատումը:
«Վերջին տարում ակնհայտ նվազել են կրակոցները սահմանին. դա այս փուլում ամենամեծ ձեռքբերումն է երկու հակամարտ կողմերի համար»,- հավելեց Շիրակ Թորոսյանը:
Լիդա Եղիազարյան