«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ․ «Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես՝ Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող եւ նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար: Եւ պարզվում է՝ այն խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչական նպատակներ ունի: Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է: Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, եւ ամեն ինչ պարզ է դառնում: Մասնավորապես, հացադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանը Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաեւ 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ: Ու երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փորձել է հանդիպել նրան, լսել դժգոհությունը, հրաժարվել է: Ասել է թե՝ Արցախի ԱԳ նախարարը սրում է գնացող նախագահ Սահակյանի հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանն իր թիմակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք ոչ ոքի չեն սատարելու, սակայն ով էլ հաղթի, պետք է շնորհավորեն ու կանգնեն կողքին: Ինչպես հայտնի է, Մայիլյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նաեւ այս տարվա մարտի 30-ին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններում եւ «հացադուլային շարժումներով» փորձում է Սահակյանին իր կողմը ներգրավել: Մայիլյանն իր հիմնական մրցակիցն է համարում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին, որն այդ ընտրություններում անվիճելի ֆավորիտն է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։