«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտպանության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում հետաքննություն են իրականացրել եւ նոր բացահայտումներ արել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանի մասով: Մասնավորապես, գնդապետ Գալստյանը 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար երկու փուլով մրցույթ է հայտարարել՝ մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Եվ երկու փուլով անցկացված եւ հաղթած ընկերությունները ինչ-ինչ հանգամանքներում մրցույթից դուրս են մնացել: Գնդապետ Գալստյանը կրկին ՊՆ կարիքների համար մրցույթի մասին է հայտարարել, որին մասնակցել է իր կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին պատկանող «Գեոշին գրուպ» ընկերությունը, եւ հենց նրա հետ էլ կնքվել է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պն գնդապետ Արթուր Գալստյանը հայտնեց. «Ընդհանրապես կապ չունեմ, դրանով զբաղվում է նյութատեխնիկական ապահովվման դեպարտամենտը, ես ո՛չ հանձնաժողովի անդամ եմ, ո՛չ էլ հայտ կազմող անձ»: Չնայած գնդապետը հերքում է իր կապը, սակայն նախարարությունում կասկածում են, թե Արթուր Գալստյանը իր ազգականների միջոցով ՊՆ-ում բիզնես է իրականացնում. մի մրցույթում հաղթում է կնոջ քրոջ ընկերությունը, մյուս դեպքում՝ հորեղբոր տղան ընկերություններից մեկով տալիս է տեղբնութագիր, որը հետագայում պարզվում է, որ կեղծ է եղել»: