ԱՐՑԱԽՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես՝ Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող եւ նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար, որը, սակայն, պարունակում է խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչության նպատակներ: Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է: Նա արդեն տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում էր Արցախի գետերի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավերիչ հետեւանքների մասին, ցույց էր տալիս մասնավորապես Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած կործանիչ ազդեցությունը: Եվ հետո որոշեց նաեւ ծայրահեղ քայլի՝ հացադուլի դիմել:

Սակայն, ըստ էության, հացադուլի պատճառները բավականին խորն են եւ ամենեւին ոչ միայն բնապահպանական: Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, եւ ամեն ինչ պարզ է դառնում:

Մասնավորապես, գաղտնիք չէ, որ հացադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանը Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաեւ 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ: Եվ հետաքրքիր է, որ այժմ եւս երկուսն էլ չեն թաքցնում իրենց մտերմությունը: Մասնավորապես, Մայիլյանը հացադուլից մի քանի օր հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Խորապես մտահոգված եմ իմ լավ ընկեր, 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմի անդամ Ալեքսանդր Քանանյանի առողջությամբ, մշտապես կապի մեջ եմ նրա հետ եւ ինձնից կախվածն անում եմ իրավիճակից ամենաարդյունավետ ելքը գտնելու համար։ Հենց այդ նպատակով էլ Ալեքսի հացադուլի առաջին օրվա երեկոյան մեկնել եմ Քարվաճառ եւ մինչեւ ուշ գիշեր նրա հետ քննարկել թե՛ առողջական վիճակի հետ կապված հարցեր եւ թե՛ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ»։ Իսկ, ահա, Քանանյանն էլ մինչ հացադուլը՝ լրատվական կայքերում որպես քաղաքագետ խոսելիս, Մայիլյանի մասին նշել էր. «Ինքս պատիվ եմ ունեցել մասնակցելու 2007 թվականի նրա նախագահական ընտրարշավին։ Որոշակիորեն հավանական է, որ նախընտրական զարգացումների հաջորդական փուլերից մեկում նա դառնա ներարցախյան քաղաքական «համերաշխության» լայն համաձայնության թեկնածուն»։

Քանանյանի հացադուլից օրեր անց, երբ Բակո Սահակյանն այցելել էր Քարվաճառ, հացադուլ արած քաղաքագետը հայտարարեց, թե նրա հետ չի հանդիպի: «Այս օրերին նա երկու անգամ փորձել է ինձ հանդիպել, բայց ես հրաժարվել եմ», – հայտարարել էր նա: Սա էլ իր պատճառներն ունի, քանի որ Բակո Սահակյանն իր թիմակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք ոչ ոքի չեն սատարելու, սակայն պետք է խոստանան, որ ով էլ հաղթի ընտրություններում, պետք է շնորհավորեն ու կանգնեն նրա կողքին:

Ուշագրավն այն է, որ հացադուլ հայտարարած քաղաքագետը, ըստ էության, բավականին կոշտ ընդունելության արժանացրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին Քարվաճառում: Ասել է թե՝ Արցախի արտգործնախարար Մայիլյանը դուրս է եկել նախագահ Սահակյանի դեմ: Հետաքրքիր իրավիճակ է:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են կայանալու եւ, Բակո Սահակյանը չի առաջադրվել ու որեւէ մեկին էլ չի սատարում: Այսինքն՝ գնացող նախագահ է:

Իսկ ինչ վերաբերում է Արցախի էներգետիկ ոլորտին, ապա դեռեւս 10 տարի առաջ մեկնարկել է Արցախի էներգետիկ անկախությանը միտված հիդրոէլեկտրակայանների գործարկումը պատերազմական գոտի համարվող Արցախի Հանրապետության տարածքում, որտեղ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից ռիսկային գոտի է համարվում: Պետք է նշել, որ ՀԷԿ-երի շինարարության մեջ խոշոր եւ հիմնական ներդրողները միզազգային, արտասահմանյան ներդրողներն են, ովքեր անգամ ազգությամբ հայեր չեն: Սկիզբ առած պայքարը, բացի բնապահպանական բաղադրիչից, պիտի նաեւ նկատի առնի Արցախի միջազգային վարկը, վստահելի գործընկեր լինելը, տնտեսական կյանքին վնաս չհասցնելը: Բայց այս հանգամանքները, կարծես թե, նախագահի հավանական թեկնածու Մասիս Մայիլյանի շրջապատի ներկայացուցչի կողմից անտեսվում է:

Նշենք, որ 5 օր առաջ էլ Քանանյանի շրջապատից մեկ այլ մարդ էր հացադուլ սկսել, այս անգամ՝ Ստեփանակերտում: Բոլորի համար պարզ է, որ այժմ Արցախում նախընտրական ակտիվ շրջան է, եւ դեռ նախորդ տարվանից տարբեր թեկնածուների անուններ էին ի հայտ գալիս: Սակայն բոլորի մեջ թերեւս առանձնանում էին «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը ֆավորիտն է ընտրությունների, եւ հավերժ թեկնածու Մասիս Մայիլյանը:

Դրան զուգահեռ, ամեն դեպքում, հետաքրքիր իրադարձություններ են պտտվում հենց Մասիս Մայիլյանի շուրջ: Հայաստանյան իշխանության ներկայացուցիչներից Մայիլյանի հետ մտերիմ է հատկապես անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նախորդ տարվա հոկտեմբերին հանդիպում է ունեցել Մայիլյանի հետ. թե ինչ էին քննարկել իրականում, այդպես էլ պարզ չդարձավ, թեեւ ենթադրելի է: Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Մայիլյանն ու Գրիգորյանը համագործակցել են արեւմտյան «Թրանսփերենսի ինթերնեյշնալ» կազմակերպության հետ եւ, այսպես ասած,  սորոսական ծագում ունեն:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանն այս պահին թեժացնում է Արցախի ներքաղաքական իրավիճակը՝ սատարելով Մասիս Մայիլյանին, վարկաբեկելով մյուս թեկնածուներին ու խաղացողներին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխությունների մասին, շարունակվում է բուռն քննադատության ենթարկվել: Դրան զուգահեռ իշխանական խմբակցության պատգամավորները որոշել են այս ընթացքում չխոսել այդ նախագծից, այլ քննարկումների միջոցով փորձել հասկանալ, թե ինչպես պետք է պատգամավորներն իրենց դրսեւորեն փետրվարի 6-ի նիստին: «Լռության ուխտ»  է կնքել նաեւ նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը, որը երեկ եւս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե բոլոր հարցերին կանդրադառնա հենց արտահերթ նիստի ժամանակ: Դրան զուգահեռ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդարան էին այցելել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: Նրանք հանդիպել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, ապա բոլորով հյուընկալվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց արդարադատության նախարարի լրատվական ծառայությունից ճշտել՝ ինչ նպատակ էր հետապնդում երեկվա այցը: Ի պատասխան՝ լրատվական ծառայությունից հայտնեցին. «Նախարարն ու փոխնախարարները հաճախ են գործի բերումով լինում Ազգային ժողովում: Այսօրվանը հերթական այցերից էր»:

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԸ

Հայտնի է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Գոլդեն փելիս» թանկարժեք ու շքեղ հյուրանոցի հերթական աճուրդի օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն տեղի կունենա փետրվարի 21-ին: Նշենք, որ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Ի դեպ, տեղեկացնենք, որ գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ, սակայն փետրվարի 21-ին գինը 5 տոկոսով նվազելու է՝ կազմելով 7 մլրդ 150 մլն 134 հազար 910 դրամ, իսկ հյուրանոցի նախավճարը կազմում է 357 մլն 506 հազար 746 դրամ (հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ): Հյուրանոցի նախորդ աճուրդը պետք է կայանար դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, սակայն այն չի կայացել հայտ չլինելու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցով հետաքրքրվողները հաշվարկներ են անում եւ պարզում, որ եկամտաբեր չէ այդ հյուրանոցն աշխատեցնել: Նաեւ հաշվի են առնում այն տեղեկությունը, որ հյուրանոցը ժամանակին վնասով է աշխատել, եւ նպատակահարմար չեն գտնում գնել այն: Բայց չնայած սրան՝ պետական գույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ հյուրանոցն այս տարի ի վերջո կգտնի իր սեփականատիրոջը:

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել է՛լ ավելի զարգացնել Հայաստան-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերը: Նրանք մտքեր են փոխանակել հունիսին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

 

 

 

ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ՞ ԽՈՐԱՆԱ

Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա. այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Սա արել ենք՝ օրենքի տառին, Սահմանադրության տառին հետեւելով, ինչը նաեւ արտացոլվել է ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանություններում, չենք խոսում հայտարարության մասին: Երկրորդ արձանագրումը, որ կցանկանայի անել, այն է, որ Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր պահանջ է դնում մեր առաջ ՀՀ քաղաքացին»,- ասել է նա:

 

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԶԱՏՈՒՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ, Արման Խոջոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Բագրատ Բադալյանն ազատվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:

 

 

 

ՄԵՐԺԵԼ Է

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է իր ինքնաբացարկի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը: Երեկ Վերաքննիչում ընթանում էր սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով դատախազության բողոքի քննությունը: Դատախազությունը բողոքարկել է նախաքննական նյութերի ամբողջ փաթեթը Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպաններին տրամադրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Ա. Դանիելյանն անցած հունիսին Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու որոշում կայացրած դատավորն է:

 

 

 

ԿԲԱՐՁՐԱՆԱ 5-6-ՈՎ

Հայաստանի տարածքում առաջիկա գիշերը, փետրվարի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում առաջիկա գիշերը, փետրվարի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ցերեկը, սպասվում է ձյուն:

 

 




Լրահոս