««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության անդամները պատրաստվում են փետրվարի 25-ին դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել: Ինչպես հայտնի է, այդ օրը տեղի կունենա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը, որում ներգրավված են նաեւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներն այս օրերին քննարկում են ակտիվանալու եւ այդ օրն իրենց կուսակցության ղեկավարին սատարելու տարբերակը: Մասնավորապես, ՀՀԿ-ի հիմնական ներկայացուցիչներն իրենց ընկերներին կամ կուսակցության մյուս անդամներին հորդորում են գալ դատարանի դիմաց:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական գործարարները նման հրահանգ են իջեցրել նաեւ իրենց ընկերությունների աշխատակիցներին, որպեսզի այդ օրը մարդաշատ լինի: Մեր տեղեկություններով՝ նման հրահանգ է իջեցրել նաեւ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանության համար դիմել նախկին պատգամավորին, սակայն նա ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
Մանրամասները՝ տեսանյութում