ՆԱԽԱՐԱՐԸ ՉԳԻՏԻ՝ ՔԱՆԻ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» Է ԴԱՐՁԻ ԵԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը կրկին նախաքննություն իրականացնելու լիազորություն կունենա: Ինչպես նախկինում էր, նորից կունենա հետաքննություն անցկացնելու, քրեական գործ հարուցելու, նախաքննություն անելու եւ դատարան ուղարկելու լիազորություն: Եվ, ահա, մեզ հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Այո՛, մենք ենք մշակել այդ օրենքը»:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել միայն իշխող խմբակցությունը։ Եվ, ահա, օրենքի ընդունումից հետո նկատում ենք, որ ոստիկանության աշխատակիցները դիմակներով քրեական ենթամշակույթ կրող անձանց են բերման ենթարկում: Ոստիկանության հրապարակած տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան. Գեղարքունիքի մարզում քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու կադրերում երեւում է, որ Գեղարքունիքի մարզում բերման ենթարկված անձանց պառկեցնում են չոր ասֆալտին, տանում ոստիկանության համապատասխան բաժիններ, մինչդեռ Գեղարքունիքի մարզում առատ ձյուն էր այդ օրերին: Սա դեռ վերջը չէ. օրերս ապօրինի զենք պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին էր բերման ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ անունով Ալիկ Բանդուրյանը, որը ոստիկանության մոտ ծիծաղում, կատակներ էր անում՝ իր այդ քայլով անլուրջ տպավորություն ստեղծելով ոստիկանության գործողությունների շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
-Պարո՛ն Բադասյան, Դուք հետեւո՞ւմ եք, թե ինչպես է ոստիկանությունը պայքարում քրեական ենթամշակույթը կրող անձանց դեմ:
-Այո:
-Եվ ինչպե՞ս եք գնահատում՝ որպես նախարար: Ձեր կողմից ներկայացված ու ընդունված օրենքը քրեական ենթամշակույթի դեմ ինչպե՞ս է ոստիկանությունը կիրառում:
-Ես չեմ կարող ոստիկանության աշխատանքից գոհ լինել կամ դժգոհ լինել , քանի որ ոստիկանության պետը պետք է գնահատի:
-Մինչ ոստիկանության պետը կգնահատի, մենք կոնկրետ փաստերով կխոսենք: Հետեւում ենք եւ տեսնում, որ ոստիկանությունը բերման է ենթարկում, հետո ազատ արձակում անդեմ մարդկանց, ցուցադրում կադրեր՝ փակ դեմքերով, ու բաց թողնում: Շատ բերման ենթարկվածներ ծիծաղում են ոստիկանության վրա: Այսպիսի՞ն էիք պատկերացնում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ։
-Կտեսնեք. երբ որ տարբեր միջոցառումներ է անում ոստիկանությունը, ոստիկանությունը բավականին լայն լիազորություններ ունի ու, կախված լիազորությունների բնույթից, տարբեր դեպքերում տարբեր կերպ է իր լիազորությունները իրականացնում:
-Ունե՞ք վիճակագրություն օրենքի ընդունումից հետո, որը պաշտոնապես ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ: Քանի՞ քրեական ենթամշակույթ ունենալու հակում ունեցող է դարձի բերվել։
-Ո՛չ, դիմե՛ք ոստիկանություն:
-Կդիմենք. լուրեր կան, որ ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը կրկին նախաքննություն իրականացնելու լիազորություն կունենա, ինչպես նախկինում էր:
-Այո՛, մենք ենք մշակել այդ օրենքը
-2014 թվականին, օրինակ, Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման նախարարությունները միավորվեցին, իսկ հետո անջատվեցին: Ստեղծվեց ՀՀ քննչական կոմիտեն, որի նպատակն էր անաչառ նախաքննության իրականացումը:
-Հիմնավորումներին կանդրադառնանք, ռազմավարության մեջ նշված է:
-Այդքան քննչական մարմին մի երկրում շատ չի՞։ Դատավորները չեն հասցնում քննել գործեր, այդ հարցը ո՞նց եք լուծելու:
-Օպտիմալացվելու է, տարբեր մեխանիզմներ կան, չի լինելու գործառույթների կրկնողություն:
-Ոստիկանության քննչական մակարդակից միշտ դժգոհություն է եղել, պրոֆեսիոնալիզմը ո՞նց եք ապահովելու։
-Ռազմավարությամբ բոլոր քայլերը հաջորդականությամբ սահմանված է՝ ոնց ենք վստահությունը բարձրացնելու, ոնց ենք բարեփոխումները անելու, ոնց ենք քաղաքացիական վերահսկողություն ունենալու ոստիկանության նկատմամբ: Այդ նպատակներով նախարարություն է ստեղծվում, եւ այլն, եւ այլն: Ռազմավարության կետերը որ նայեք, Ձեր բոլոր հարցերի պատասխանները կան: Շնորհակալություն, այսքա՛նը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՕՊԵՐԼԻԱԶՈՐԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացի Վահրամ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության մարզային բաժնի օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել ապօրինի, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերման եւ բացահայտման ուղղությամբ, իրականացրել է եկամուտները թաքցնող, հարկային պարտավորությունների կատարումից խուսափող կամ հարկային պարտավորությունների ոլորտում այլ հակաիրավական գործունեություն, որի արդյունքում իրավախախտման վերաբերյալ փաստը չի արձանագրվել, Սպարտակ Սիմոնյանը պատասխանատվության չի ենթարկվել, օգտվելով Վահրամ Սարգսյանի թույլտվությունից՝ առանց հարկեր վճարելու արդյունահանել եւ քարի արտադրամասերին իրացրել է 17 500 000 ՀՀ դրամ արժողությամբ շուրջ 700 մ/3 ծավալի քար, ինչով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

 

 

 

ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քննիչների, բժիշկների դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած քաղաքացիները հայտնվել են դատարանի առաջ: Մասնավորապես, «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել Վարդան Գաբրիելյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Մասնավորապես, Գաբրիելյանը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Մհեր Եսայանին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության համար, թե, իբր, նա քրեական գործով ապացույց է կեղծել: Զաքար Հայրապետյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որ նա, գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Մասնավորապես, նա 2019 թվականի մայիսի 17-ին «Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկ Արումուգամ Թամբային մեղադրել է, որ նա իր մոր` Սաթենիկ Հայրապետյանի բուժման համար 120.000 ՀՀ դրամի չափով ավել վարձատրություն է պահանջել եւ խաբեությամբ հափշտակել: Ասել է թե՝ վերոնշյալ քաղաքացիները հանիրավի մարդկանց մեղադրել են հանցանքի համար, որը հետագայում պարզվել է, որ սուտ է, եւ քաղաքացիները սուտ մատնության համար կանգնել են դատարանի առաջ:

 

 

 

 

ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
Պետեկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում եւ սպասարկում: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին եւ դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից, եւ ՀԴՄ-ների ներդրման գործընթացով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրավունք ունեն վաճառելու միայն համապատասխանության եզրակացություն ստացած մոդելի սարքեր:

 

 

 

ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ
Նախօրեին խոշոր վթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետեւանքով 4 մարդ է մահացել, եւս 4-ը վիրավորվել են: Նրանցից 2-ը տեղափոխվել են Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի խոսնակ Գեւորգ Դերձյանի փոխանցմամբ՝ 7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, դիմային ոսկրերի կոտրվածք, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք: Միացված է եղել արհեստական շնչառության սարք, այժմ շնչում է ինքնուրույն: 5 տարեկան տղան էլ «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել սանիտարական ուղղաթիռով: Երեխայի մոտ եղել է ներքին արյունահոսություն, որովայնի խոռոչում 500 մլ. արյուն: Ունի նաեւ աջ թոքի սալջարդ, եղել է շոկային վիճակում, որից դուրս գալուց հետո վիրահատվել է: Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է, գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ:

 

 

 

ԾԱՆՈԹ ՉԷ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հրաժարվել է մեկնաբանել նախկին վարչապետների անձնական երաշխավորության մասին տեղեկությունները: Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մտադիր են անձնական երաշխավորություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի համար: «Նման բան արդեն եղել է, ու որոշումը չեղարկվել էր: Միջնորդություն դեռ չի ներկայացվել, ես դրա բովանդակությանը ծանոթ չեմ: Մեկնաբանելու համար պետք է ծանոթանամ դրա բովանդակությանը»,-ասել է դատախազը:

 

 

 

ԴԵՊՔ ՉԿԱ
Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը՝ մահվան ելքով: Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 25-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ արձագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով: Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են, եւ փետրվարի 25-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:




Լրահոս