Տարատեսակ ինֆորմացիա և անպատրաստ հասարակություն․ Կորոնավիրուսի հայտնաբերումից երկու օր անց․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած կորոնավիրուսի դեպք Հայաստանում հաստատվել է ընդամենը մարտի 1-ին, սակայն սխալված չենք լինի, եթե նշենք, որ երկու օր անց Հայաստանում իսկապես խուճապ է առաջացել. խանութները դատարկվում են անհագ գնումների պատճառով, դեղատներում դիմակ եւ ախտահանիչ միջոցներ չկան։ Իսկ ո՞րն է պատճառը, եւ ինչո՞ւ հասարակությունը պատրաստ չէր այդ լուրին: Այս օրերին կրկին ականատես եղանք մի իրավիճակի, երբ հասարակությանը հանգստացնելու, իրավիճակը ներկայացնելու ամբողջ բեռն իր ուսերին է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ յուրաքանչյուր անգամ անում էր հայտարարություններ, որոնք տարբերվում էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արտահայտած մտքերից:

Այդպես եղավ թե՛ ՀՀ-Իրան սահմանը փակելու, թե՛ ուսումնական հաստատությունների աշխատանքները հետաձգելու հարցերում: Սակայն հենց այս իրավիճակում հատկապես կարեւոր է, որ գործադիրի անդամները կարողանան ճիշտ համագործակցել թե՛ միմյանց, թե՛ վարչապետի հետ: Այս ամենից զատ՝ իր աշխատանքում թերանում է նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Ինչպես հայտնի է, կորոնավիրուս է հայտնաբերվել Թեհրանից Հայաստան ժամանակ ՀՀ քաղաքացու մոտ, եւ քաղաքացին ինքն է դիմել բուժօգնության: Նրան, սակայն, պետք է ստուգեին մինչեւ ինքնաթիռ բարձրանալը, ապա՝ օդանավակայանում։ Հենց այստեղ է, որ պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնի տեսչական մարմինը ու մեկ առ մեկ ստուգի մարդկանց օդանավակայանում: Բայց այս տեսչությունը մշտապես աչքի է ընկնում իր անգործությամբ, ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով, իր ղեկավարների հաճախակի փոփոխությամբ:

Իսկ արդյոք Հայաստանն ունի՞ հակավիրուսային միջոցներ. արդեն պարզ է, որ դեղատներում չկան դիմակներ, ախտահանիչ միջոցներ եւ, մյուս կողմից էլ, չկան հստակ հակավիրուսային միջոցներ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առողջապահության նախարարութան մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե ոչ մի հատուկ դեղամիջոց չկա, եւ օգտագործվում են սովորական հակավիրուսային դեղամիջոցներ եւ ջերմիջեցնողներ: Հուսանք՝ իշխանություններն այս տարատեսակ ինֆորմացիան հսկողության տակ պահելու համար կստեղծեն մի կենտրոն, որտեղից միայն մեկ անձ ինֆորմացիա կտրամադրի, եւ այն կլինի վերջնական եւ հավաստի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս