Անցյալը թույլ է տվել չհայտարարագրված միջոցներով ունեցվածք ձեռք բերել. իրավապաշտպանը՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթաց կսկսվի, այս մասին Ազգային ժողովում  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծերի փաթեթի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Օրենսդրական այս նախաձեռնության նպատակն անօրինական գույքը տնտեսական շրջանառությունից հանելն ու օրինական տիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ պետությանը:

Նախարարի խոսքով՝  սույն օրենքի շահառուներն  օրինապահ քաղաքացիները չեն, քանի որ նախագծում թվարկվում են հանցագործությունների հատուկ տեսակները՝ կազմակերպված հանցավորություն, թմրանյութերի, զենքի անօրինական շրջանառություն:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

«Օրենքը դեռ նոր է ներկայացված, շատ խնդրահարույց կետեր կան, բայց որ նման օրենքներ մեզ պետք է, դրանում կասկած չկա: Այս օրենքը շրջանառության մեջ դնելը բխում է մեր շահերից, որին անդրադառնալը պարտադիր է: Անցյալը մարդկանց հնարավորություն է տվել չհայտարարագրված միջոցներով, անօրինական ճանապարհներով ունեցվածք ձեռք բերել, և պետք է այս օրենքը բերել դաշտ»,-ընդգծեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս