ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են պատասխանատու թերի աշխատանքի համար. կարևոր որոշումները՝ վերջին պահին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին: Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, կաշվից դուրս գալով, այնուամենայնիվ, իրավիճակը միանգամայն այլ է: Ու հիմա պարզվում է` Իտալիայից ժամանածներից որեւէ մեկը չի եղել պետության հոգածության կամ ուշադրության ներքո, նրանց ընդամենը Առողջապահական եւ աշխատանքի տեսչության աշխատակիցները գրանցել են իրենց մոտ եւ հորդորել տանից դուրս չգալ. անգամ թոքաբորբով հիվանդ քաղաքացուն չեն մեկուսացրել: Այս տեսչությունն ընդհանրապես քննադատության ամենամեծ բեռը պիտի կրի, քանի որ գործում են մակերեսային, աշխատանքի կազմակերպման ռեսուրս ու ռազմավարություն չունեն:

Եւ ի՞նչ եղավ. պաշտոնական` տանը մնալու հորդորից հետո վարակված քաղաքացին տղայի նշանադրությունը կազմակերպեց, հյուրերի հետ շփվեց, եւ ողջ Էջմիածինն այսօր խուճապի մեջ է: Իհարկե, լավ կլիներ երեկվանից փակվեին նաեւ Էջմիածնի սահմանները, որպեսզի գոնե այդ քաղաքից վարակը չտարածվեր երկրով մեկ, բայց դեռ չի արվում դա: Պաշտոնական մարմինները` ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի, դեռ շարունակում են պնդել, թե իրավիճակն իրենց կողմից վերահսկելի է, սակայն վարակված կինն ինքն է վատ զգացել եւ դիմել բժշկի: Եթե չաներ, պաշտոնական մարմիններն այդպես էլ չէին իմանա վարակակրի մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ դեռ հունվարին ստեղծվել էր Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար միջգերատեսչական հանձնաժողով, սակայն կարեւոր որոշումները` Իտալիայից ժամանածներով զբաղվելու հետ կապված, կայացվեցին միայն երեկ, երբ դանակը հասավ ոսկորին, մինչդեռ կարելի էր ավելի վաղ՝ առաջին դեպքի հայտնաբերումից առաջ կազմակերպված աշխատել, իրավիճակն իսկապես վերահսկելի պահել: Իսկ ովքե՞ր են այս իրավիճակի պատասխանատուները. միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, կազմում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը եւ այլ անձինք:

Հ. Գ. Վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք կարանտինային պայմաններում կպահվեն 14 օր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս