«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․
Սիրելի հայրենակիցներ,
ՀՀ տարածքում գործող առանձին բանկեր, ի պատիվ իրենց, հայտարարել են ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին երկամսյա «վարկային արձակուրդ» տրամադրելու իրենց պատրաստակամության մասին: Ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները:
Այս հայտարարության արդյունքում, ցավոք սրտի մեր շատ հայրենակիցների մոտ ձևավորվել է թյուր ակնկալիք, որ նշված երկու ամիսների ընթացքում չկատարված իրենց վարկերի հերթական մարումները առհասարակ ներվելու են:
Ուզում եմ մեր քաղաքացիների ուշադրությունը առանձնահատուկ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ գումարները չեն ներվում. վարկերի տոկոսագումարները հետագայում հաշվարկվելու և բաշխվելու են վարկերի մնացած ամիսների վրա:
Հետևաբար, հնարավոր է՝ հետագա ամիսների ընթացքում վարկերի հերթական մարումների գումարները լինեն ավելի մեծ, քան մինչ «վարկային արձակուրդի» հայտարարումը: ԵՒ քանի որ մարդու եկամուտների անփոփոխ մնալու դեպքում նրա վարկի հերթական մարումները հետագայում ավելի ծանր բեռ կարող են դառնալ նրա համար, կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ «վարկային արձակուրդից» օգտվելուց առաջ ճշտել վարկի մարման նոր ժամանակացույցի համաձայն՝ հետագայում իրենց վարկերի հերթական մարումների գումարի չափը, համադրել իրենց ստացվելիք եկամուտների հետ, այնուհետև որոշում կայացնել՝ «վարկային արձակուրդից» օգտվելու կամ չօգտվելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, կոչ եմ անում բանկերին և վարկային կազմակերպություններին՝ նման հայտարարություններով հանդես գալու հետ միաժամանակ հստակ պարզաբանել և բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների հետ՝ հնարավորության դեպքում վերանայելով վարկերի մարման ժամանակացույցը այնպես, որ հնարավորինս թույլ չտրվի ամսական բեռի ավելացում քաղաքացիների համար:
Առողջ լինեք: