Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները.
-Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:
– Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը:
– Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:
-Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:
ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:
Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ դարձյալ կոչ ենք անում մեր ազգաբնակչությանը.
– ավելորդ խուճապի չմատնվել,
– խուսափել մարդաշատ վայրերից կամ այն վայրերից, որտեղ հավանական է հիվանդների հետ շփումը,
– հետևել անձնական հիգիենայի կանոններին,
-պատասխանատվություն կրել հայտարարություն անելուց առաջ:
-Հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հայտարարությունում: