Քաղաքապետարանի բյուջեում առկա թերակատարումները բազմազան են, ընդհանուր առմամբ մեծ ծավալի թերակատարումներ են եղել, օրինակ՝ մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված է եղել մեկ միլիարդ 397 միլիոն դրամ, որի 90% չի կատարվել։
ArmLur.am-ի հետ զրույցում, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը անդրադառնալով բյուջեում առկա թերակատրումներին ու երեկվա Երևանի ավագանու արտահերթ նիստին,որն ի դեպ բավականին բուռն է անցել, հայտնել է, որ սա դեռևս օրինակներից ամենացայտունն է։
«Ոռոգման ցանցի համար նախատեսվել էր 154 միլիոն, սակայն իրականացվել է նախատեսված աշխատանքի ընդամենը 30%, ավելի քան 70%֊ի թերակատարում ենք ունեցել, նույնը վերաբերում է բակային տարածքների, սիզամարգերի, այգիների կահավորմանը, այսինքն՝ պլանավորված աշխատանքի մեծ մասը չի կատարվել»,-շեշտեց նա։ Դավիթ Խաժակյանի պնդմամբ՝ քաղաքապետարանը պետք է մրցույթներ կազմակերպեր, աշխատանքներն իրականացնելու համարը, սակայն նման մրցույթներ չեն հայտարարվել։
ArmLur.am-ի այն հարցին, թե որն է այս ամենի պատճառը, վերջինս պատասխանեց․
«Իրենք պատճառաբանում են, որ խնդիրը գնումների գործընթացում է եղել, բայց այդպես կլիներ, եթե մրցույթը հայտարարվեր, բայց չկայանար»։
Անդրադառնալով պարգևավճարների այդքան շահարկված թեմային՝ Դավիթ Խաժակյանն ասաց, որ բյուջեով նախատեսված աշխատանքների 90% կատարված չէ, բայց պարգևավճարների ֆոնդը 80%֊ով իրացված է։
«Սա նշանակում է, որ քաղաքապետը գործում է անարդյունավետ, չի հետևում աշխատանքների ընթացքին, որպեսզի քաղաքը զարգանա» ,֊եզրափակեց մեր զրուցակիցը։
Լիդա Եղիազարյան