Համացանցում այս ընթացքում տեղեկություններ են տարածվում, որ ՀՀ-ումսահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Եվ համացանցում վերահսկողության կոչ է արվում։
Սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է տեղեկությանը եւ նշել, որ նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։
«Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրենքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։ Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով»,- գրել է Բաթոյանը։
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։ «Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտակտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579 (նաև viber, signal), [email protected]»,- գրել է Բաթոյանը։