Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ։ Նախագահը նպատակ ունի քաջալերել նրանց, ծանոթանալ արտակարգ դրության պայմաններում նրանց գործունեությանն ու ապագա ծրագրերին:
Այդ համատեքստում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան հետ:
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է թանգարանի վիճակով, ընթացիկ և ապագային միտված ծրագրերով: Ընդգծելով հայ ճարտարապետության յուրահատուկ տեղը համաշխարհային ճարտարապետական արվեստի մեջ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է թանգարանի դերը նրա լավագույն ավանդույթները ներկայացնելու գործում: Նա խոստացել է նոր կորոնավիրուսի տարածմամբ և արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակի կարգավորումից հետո այցելել թանգարան:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը յուրահատուկ մշակութային ու գիտահետազոտական հաստատություն է, որտեղ պահպանվում են լավագույն ճարտարապետների արխիվային նյութերն, անցկացվում են գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, հրատարակվում են գիտական ժողովածուներ։