ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում հայտնում է.
Նախագիծ անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ։
Այսօր շրջանառության մեջ ենք դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով համապարփակ կարգավորումներ ենք առաջարկում անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ։
Մեր կողմից մասնավորապես առաջարկվել է՝
– նախատեսել այն չափորոշիչները, որոնց առկայությամբ իրադարձությունը կարող է համարվել անհաղթահարելի ուժ (անկանխատեսելիություն, անհաղթահարելիություն, արտաքին ազդեցություն և այլն),
– նախատեսել այդպիսի ուժի ազդեցությամբ պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման իրավական հետևանքները,
– ինչպես նաև առաջարկվել է վեճի առկայության դեպքում ապացուցման բեռի հստակ բաշխում,
– միաժամանակ, կարգավորումներում առավելագույնս ապահովվել է պայմանագրի ազատության (դիսպոզիտիվության) սկզբունքը։
Նախագծով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ՝ մինչև 2020թ. մարտի 16-ը՝ այն օրը, երբ հայտարարվեց արտակարգ դրություն։
Առաջարկվող նախագիծն ընդունվելու պարագայում կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից իրենց պայմանագրային պարտավորություններն օբյեկտիվորեն ապահովելու հնարավորությունից զրկված լինելու դեպքում օգտվելու այս իրավական գործիքից՝ իրենց մեղքին անհամաչափ պատասխանատվությունից (տույժեր, տուգանքներ և այլն) ազատվելու համար։