Երեկ քառօրյա պատերազմի հերոսներին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր գնացին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ տարբեր խմբակցություններից պատգամավորներ: Եռաբլուր իր հարգանքի տուրքը մատուցելու գնաց նաեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս չորս տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել էր ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակները: 2016 ապրիլին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետեւանքով կորցրել է 800 հա տարածք: Հայկական կողմից զոհվեց կամ սպանվեց շուրջ 100 զինծառայող: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո խորհրդարանում ստեղծվեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը պետք է բացահայտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրերին, ինչու հայկական կողմն այդքան տարածք կորցրեց, եւ, որ ամենացավալին է, ինչու այդքան զոհ ունեցանք:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մարտի 27-ին գրել էր, որ հանձնաժողովը հրավիրել է նախկին ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, որպեսզի հենց իրենից ստանան այդ հարցերի պատասխանները, սակայն վերջինս հրաժարվել էր ներկայանալ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկում Խաչատուրովին հանձնաժողով «բերելու» համար: Վերջինս չցանկացավ ներկայացնել իրենց անելիքները՝ հայտարարելով, որ իրենք որոշել են իրենց հստակ անելիքները. «Մենք մեր անելիքներն անում ենք, բոլորն էլ սպասում են հանձնաժողովի աշխատանքներին: Պետք է հարցնել Խաչատուրովից՝ ինչու չի գալիս, ինչից է վախենում»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի մայրիկի՝ Գայանե Անտոնյանի հետ՝ պարզելու, թե իրենք ինչ սպասելիքներ ունեն հանձնաժողովի աշխատանքներից: «Դժվարանում եմ որեւէ բան ասել, քանի որ կարծում եմ, որ դա մեր մեկնաբանելու կարիքը չունի, որովհետեւ սա շատ լուրջ հարց է, ու մենք չէ, որ պետք է դրա մասին խոսենք: Մենք միշտ էլ սպասելիքներ ունենք»,- հայտարարեց հերոսի մայրը: Իսկ թե իրականում ինչ կհաջողի բացահայտել քննիչ հանձնաժողովին, դեռեւս մշուշոտ է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան