Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ երեկ մոտ 70 մեկուսացված անձանց կորոնավիրուսի թեստավորում է անցկացվել, եւ 7-ի պատասխանը դրական է եղել։
Նախարարի խոսքով՝ այս դրական դեպքերը եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարեւոր է մեկուսացնել Հայաստան ժամանող մարդկանց․
«Այս 7 հոգին եթե մեկուսացված չլինեին, վերջին 14 օրերի ընթացքում վարակը կտարածեին այլ մարդկանց շրջանում։ Ավելին՝ եթե նրանք թեստավորվեին Հայաստան ժամանելիս, հետազոտության արդյունքները հավանաբար բացասական կլինեին, եւ նրանք, ազատ տեղաշարժվելով, էլի կտարածեին վարակը»։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 937-ի: