Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2019 թվականի զեկույցը կընդգրկվի Ազգային ժողովի առաջիկա նիստերի օրակարգ։ Այն բավական ծավալուն փաստաթուղթ է՝ 785 էջից բաղկացած, եւ մանրամասն անդրադարձ կա տարբեր ոլորտներում տիրող իրավիճակին եւ կառույցի աշխատանքներին։ Զեկույցում մեծ տեղ է հատկացված նաեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ եւ դրան փոխկապակցված քրեական գործերի քննությանը։ Ընդ որում, մինչեւ հիմնական ասելիքին անդրադարձալը ՄԻՊ Արման Թաթոյանը ընդգծել է, որ այդ դեպքերին անդրադարձ է եղել դեռ 2011 թվականից սկսած բոլոր հաղորդումներում։
Ընդ որում, Արման Թաթոյանն իր զեկույցում ընդգծել է, որ նախորդ տարիների ընթացքում Մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ քննվող հանրային նման հետաքրքրություն ունեցող վարույթի վերաբերյալ հանրությանը չեն տրամադրվել բավարար տեղեկություններ՝ չնայած դրա հանրային մեծ պահանջին, չի իրականացվել զոհերի հարազատների եւ հանրության շրջանում պատշաճ իրազեկում այդ գործերի քննության վիճակի մասին: Դրանից բացի, պաշտպանի տարեկան հաղորդումներում անընդհատ նշվել է, որ անհրաժեշտ է արագացման սկզբունքով ապահովել հարուցված քրեական գործերի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը։ Արման Թաթոյանն այս գործին առնչվող զարգացում է համարում 2019 թվականի հունիսի 4-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները: Հիշեցնենք, որ այդ օրենքն ամրագրում է, որ աջակցություն ստանալու իրավունք ունի այդ գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի իրավահաջորդը։ Բացի դրանից, աջակցություն ստանալու իրավունք ունի նաեւ այն անձը, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Արման Թաթոյանն ընդգծում է, որ 2019 թվականի տարեկան հաղորդումը պատրաստելիս համապատասխան հարցումներ են ուղարկվել Գլխավոր դատախազություն եւ Հատուկ քննչական ծառայություն։ Եվ, ըստ այդմ, ըստ ստացած տեղեկությունների՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործից տարիների ընթացքում, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումների համաձայն, 10 անձանց մահվան յուրաքանչյուր դեպքով անջատվել են վարույթներ, եւ քննվել են առանձին քրեական գործեր: 2018 թվականին դարձյալ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Իսկ արդեն 2019 թվականին քրեական գործից առանձին վարույթում անջատվել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ գործը, որը 2019 թվականի ապրիլի 29-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, եւ ընթանում է հրապարակային դատաքննություն: Քրեական հետապնդման մարմինների հավաստմամբ՝ 10 անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, 2019 թվականի ընթացքում նշված հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, զննություններ, եւ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գրավոր հանձնարարություններ: 2019 թվականի ընթացքում նշված իրադարձությունների կապակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով, ու 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 1 քրեական գործ: Դատախազությունից ստացված տեղեկություններով՝ նշված բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, ներկայում 14 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նախաքննությունը շարունակվում է: Դրանից բացի, նշվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով 2019 թվականի ընթացքում նշված իրադարձությունների կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել: Այնուհետեւ նա անդրադարձել է նաեւ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին։ Նա նշել է, որ բողոքի քննարկման արդյունքում պարզվել է, որ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ արգելելու համար փաստացի հիմք է ընդունվել դեռեւս նախաքննության փուլում՝ դեռ նրա առաջին կալանավորման ժամանակ քննիչի կայացրած որոշումը՝ չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում: Ավելի կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքի նկատմամբ արգելքը քննիչի որոշմամբ սահմանվել է 2018 թվականի հուլիսի 28-ին: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել օգոստոսի 13-ին եւ շուրջ չորս ամիս մնացել ազատության մեջ: Այնուհետեւ նա կրկին կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ 2019 թվականի մայիսի 18-ին, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել անձնական երաշխավորությունը, եւ նա շուրջ մեկ ամիս դարձյալ գտնվել է ազատության մեջ: Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դատարանի կողմից եւ գործը հենց դատարանի վարույթում գտնվելու ընթացքում: Ընդ որում, ինչպես պնդում են փաստաբանները, դատարանն այդ հարցին չի անդրադարձել, այդ թվում՝ գործը վարույթ ընդունելիս: Պարզվել է, որ դատարանի նման որոշում առկա չէ: Այդ դեպքում առաջ է գալիս հարց այն մասին, թե արդյոք քննիչի՝ մեկ եւ կես տարուց ավելի վաղեմություն ունեցող որոշումը չի կորցրել արդիականությունը մեղադրյալի՝ ազատության մեջ հայտնվելու պատճառով, կամ արդյոք շարունակում է ծառայել որոշմամբ հետապնդվող նպատակին: ՄԻՊ-ի՝ 2019 թվականի տարեկան զեկույցում մեծ տեղ է հատկացված նաեւ 2016 թվականի հուլիսյան դեպքերին։ Զեկույցի այդ հատվածն ու մյուս եզրակացությունները կներկայացնենք օրաթերթի այլ համարներում։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ԱԳՆ-ԻՑ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությանը, որում նշված է, որ Թուրքիան առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: «Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ՝ ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»,-ասել է նա:
ԱՐՏԱՀԵՐԹ՝ ԱԺ-ՈՒՄ
Կառավարության առաջարկով ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) քննարկելու համար։
Արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
ՎԻՃԱՐԿՈՒՄ Է
Չնայած զորակոչին դեռ երկար ժամանակ կա, սակայն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում կադրային ջարդ է սկսվել, եւ հանձնաժողովից դուրս մնացած սպաները մեկը մյուսի հետեւից դիմում են դատարան: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին Արմեն Տուբանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց ներկայացրել՝ ըննդեմ ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության եւ ՀՀ պաշտպանության նախարարություն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ պահանջելով 15.01.2020թ. հրամանը վերացնել տալ եւ իրեն նախկին աշխատանքում վերականգնել։ Բացի այդ, նա պահանջում է հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը վճարել:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։ Իսկ ինչի՞ համար է մեղադրվում նախկին պատգամավորը։ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նա որպես մեղադրյալ է ներգրավվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար: Ըստ դատախազության` նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 5-րդ եւ 6-րդ գումարման ԱԺ պատգամավորը, 2012-2019թթ. ընթացքում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017 եւ 2018 թվականների գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի, մասնավորապես՝ 2011թ. ապրիլի 6-ին 490 հազար դոլարով ձեռք բերած՝ Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520 հազար դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած՝ Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ Ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաեւ մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: Նշվածի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ՔՕ 314.1-րդ հոդվածի 2-դ մասով (Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) եւ 310.1 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի հարստանալը)։ Նշենք, որ ապօրինի հարստանալը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ: