Նորմերը չպահելն էգոիզմի նշան է. Անի Լուպեն խստորեն հետևում է պարետի հրահանգներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Անի Լուպեն Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության շրջանակում ինքնամեկուսացել է եւ այս օրերին զբաղվում է ֆիլմեր դիտելով, ու, որքան էլ տարօրինակ է, կորեերենի ուսուցմամբ: «Միշտ հետաքրքրվել եմ կորեացիների լեզվով, սակայն այն ուսումանսիրելու ժամանակ չեմ ունեցել: Հիմա լավագույն առիթն է ընձեռվել, օնլայն դասընթացներ եմ անցնում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Ինչ վերաբերում է նախընտրելի ֆիլմին, Անի Լուպեն խոստովանեց, որ «La casa de papel» սերիալի ազդեցության ներքո է, եւ արդեն սերիալի երկրպագուների բանակում է: «Իսկապես լավ, էմոցիոնալ ֆիլմ է, այս ընթացքում նաեւ կորեական ֆիլմեր եմ դիտում»,- ասաց նա:

Դերասանուհին խոսեց նաեւ ինքնամեկուսացման պայմաններում մեր քաղաքացիների կազմակերպվածության մակարդակի մասին: «Ըստ իս՝ բոլոր երկրներում էլ հասարակության մի հատված չի ենթարկվում սահմանված նորմերին, մեզ մոտ էլ կա այդ հատվածը: Ինքս նախընտրում եմ պահել բոլոր նորմերը:

Այս պայմաններում դա ոչ միայն պետք է, այլեւ պարտադիր է. մենք միայն ինքներս մեզ համար չենք պատասխանատու, այլեւ կողքինների: Նորմերը չպահելը էգոիզմի նշան է: Նրանք, ովքեր ասում են, թե վիրուսը վտանգավոր չէ, ինքնախաբեությամբ են զբաղված. թերեւս դա էլ ինքնապաշտպանական բնազդ է, դրա մի դրսեւորում: Գուցե ուզում են խոսքերով թեթեւացնել իրավիճակը: Ես հավատացյալ մարդ եմ, վստահում եմ Աստծուն, եւ կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի»,- եզրափակեց Անի Լուպեն:

Անի Անտոնյան




Լրահոս