Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

«Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի_Հայերի_միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Շնորհակալ ենք:

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։

Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի խնդրում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ [email protected]) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ [email protected])։ Ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։

Մեկ ուղևորի անվճար տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է Բորիսպիլ օդանավակայանում)։

Թռիչքը կատարվելու է Բորիսպիլ օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2 ժամ առաջ»։




Լրահոս