ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի լրատվության ծառայությունը։

Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին եւ վերջինիս դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին: Այդ համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի հետագա տարածման կանխարգելման եւ բնականոն կյանքի աստիճանաբար վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Երկուստեք կարեւորվեց համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարման եւ վերականգան ծրագրերի կարեւորությունը՝ տնտեսական ճգնաժամը կանխելու եւ միջազգային համագործակցության համատեքստում: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արժեւորեց գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանի հետ փորձի փոխանակմամբ:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում երկու պետությունների միջեւ արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց իր պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր երկկողմ օրակարգի ընդգրկունության, այդ թվում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական եւ այլ ոլորտներում երկխոսության դինամիկայի պահպանման եւ խորացման ուղղությամբ:

Հայաստան-Եվրամիություն գործընկերության համատեքստում արտգործնախարարներն անդրադարձան ԵՄ-ում Գերմանիայի նախագահությանը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարեւորեց Արեւելյան գործընկերության հարթակը ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ գործընկերության խորացման, ինչպես նաեւ ազգային մակարդակով իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման առումով: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն անգամ համավարակով պայմանավորված բարդ ժամանակահատվածում:

Զոհրաբ Մնացականյանը եւ Հայկո Մաասն անդրադարձ կատարեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները եւ կարեւորեց առողջապահական գլոբալ ճգնաժամի ժամանակաշրջանում հրադադարի խստիվ պահպանումը:

Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին հետեւելու անհրաժեշտությունը:




Լրահոս