Մենք պետք է տարանջատենք ապահովված շերտին՝ թիրախային շերտից․ տնտեսագետը՝ Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի տալ կրկնակի թոշակ: Ընդդիմադիր պատգամավորը նաև նշում է, թե որտեղից կարող են իշխանությունները վերցնել այդ գումարը:

«Փող կա, այդ փողը Կենտրոնական բանկի գանձապետական համապատասխան հաշվեհամարին դրված է, 300 մլրդ դրամից ավելի փող կա: Փառք Աստծո, Հայաստանն այս ճգնաժամի մեջ մտել է համապատասխան խնայողություններով»,- նշել էր նա:

ArmLur.am-ը Էդմոն Մարուքայանի առաջարկի և այլ հարցերի շուրջ զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի հետ։

«Պայմանավորված ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակով, որ սպասվում է, չեմ գտնում, որ արդարացված է, ինչո՞ւ․ այսօրվա գազոնային համահարթեցման քաղաքականությունը շատ դեպքերում բնորոշ է եղել նախկին սովետական համակարգին, երբ բոլորին հավասար եկամուտներ էին ապահովվում։ Դա կորցնում էր ամեն կարգի խթան և մոտիվացիա, որպեսզի մարդիկ շահագրագռված լինեին շատ եկամուտներ ստանալ։ Եթե մենք մեր հասարակությունը պայմանականորեն շերտավորենք հինգ շերտերի, ապա ավելի քան համոզված եմ, որ առաջին երեք շերտերի 100 հազարական դրամ նվիրաբերումն այս պարագայում նպատակահարմար չէ։ Իսկ այդ միջոցների առակայության պարագայում մենք կարող ենք ավելի թիրախային խնդիրներ լուծել այն մյուս երկու շերտերի համար։ Մենք պետք է տարանջատենք ապահովված շերտին։ Թիրախային մոտեցումով՝ վերջին երկու շերտերին կարող ենք, գրեթե կրկնակի՝ 200 հազար դրամ տրամադրել, որն արդեն արդարացված կլինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այսօրվա Կառավարության աջակցման ծրագրերի փաթեթներին Հայկ Սարգսյանը պատասխանեց․

«Սոցիալական ուղղվածության ծրագրերի 15 փաթեթների գերակշիռ մասը կամ սոցիալական աջակցության ծրագրերի հիմնական ուղղվածությունը՝ սոցիալականն է, մինչդեռ, իմ կարծիքով, շեշտադրումը պետք է տեղափոխել ավելի շատ փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցման ծրագրերի վրա»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս