Ո՞ւր է գնում թուրքմենական ու ղազախական գազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունը մանրամասն ուսումնասիրելիս բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: Պարզվում է` Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն ՌԴ-ից ու Իրանից, այլև Ղազախստանից ու Թուրքմենստանից: Ընդ որում, միջինասիական երկրներից, մասնավորապես Թուրքմենստանից ներկրված գազի ծավալները գնալով ավելանում են:

ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ, օրինակ, Ղազախստանից Հայաստանը 2011թ.-ից սկսել է գազ ներկրել: Պաշտոնական վիճակագրության համաձայնª 2011թ. ներկրվել է 163 տոննա գազ` 104 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ: Սակայն հետագայում Ղազախստանից ներկրվող գազի ծավալները նվազել են. 2012թ. ՀՀ է բերվել 117.5 տոննա գազ` 82.5 հազար դոլար, իսկ 2013թ.` 19.2 տոննա` 14.5 հազար դոլար արժեքով: Հայաստանը գազ է ներկրել նաև Թուրքմենստանից. 2010թ. ներկրվել է 352.8 տոննա, 2011թ.` 443.5 տոննա, 2012թ.` 799.6 տոննա, իսկ արդեն 2013թ.` 1102.7 տոննա գազ: Սովորական թվաբանական հաշվարկից պարզ է դառնում, որ Թուրքմենստանից գազը ներկրվել է 1 տոննան 1800-1900 դոլար արժողությամբ:

Շատ ավելի մեծ են գազի ներկրման ծավալները Իրանից ու ՌԴ-ից: Ըստ հայաստանյան պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից 2012թ. ներկրել է 491 հազար 257.3 խմ, 2013-ին` 408 հազար 252.6 խմ գազ: Սակայն Իրանից Հայաստանը գազ ներկրում է էլեկտրաէներգիայի դիմաց. այսինքն` բերված գազը ծախսվում է Իրան մատակարարվող էլեկտրաէներգիա արտադրելու վրա: Իսկ ՌԴ-ից ՀՀ-ն 2012թ. ներկրել է 1 մլն 910 հազար 919 խմ, 2013-ին` 1 մլն 925 հազար 196 խմ գազ:

Նկատենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նիստում իշխող մեծամասնությունը կասկածելի քվեարկության արդյունքում հաստատեց գազային սկանդալային համաձայնագրերը: Դրանց համաձայն` Հայաստանի Հանրապետությունը մինչև 2043թ. պարտադրված է գազը գնել«Գազպրոմ»-ից և առանց վերջինիս թույլատրության իրավունք չունի որևէ այլ երկրի որևէ այլ էներգակիրով գազ ներկրել, մանավանդ որ սահմանից Հայաստանում գազի տարածումը հենց»Գազպրոմ՚-ն է իրականացնում: Ու հիմա հետաքրքիր է. Թուրքմենստանից ու Ղազախստանից ի±նչ գազ է ներկրվում, ո՞ւր է այն գնում կամ ի±նչ նպատակներով է օգտագործվում:«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց այս հարցի պատասխանը ստանալ ՀՀ ՊԵԿ-ից ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, սակայն մեր ուղարկած հարցումները մնացին անպատասխան: Իսկ մասնավոր զրույցներում ՀՀ էներգետիկայի նախարարության մասնագետներն իրենք էլ զարմացան` իմանալով, որ Թուրքմենստանից կամ Ղազախստանից ՀՀ-ն գազ է ներկրում:

Մինչ այդ, նկատենք, որ Ղազախստանից ներկրվող գազի վերաբերյալ դեռ 2007թ. հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որ այդտեղ լուրջ չարաշահումներ են տեղի ունեցել: «Մի այդպիսի մախինացիա էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն արտացոլված չէ վիճակագրական պաշտոնագրերում: Այդ փաստն ինձ հաջողվեց բացահայտել միայն Ղազախստանի պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալու շնորհիվ, ըստ որի` այդ երկիրը 2006 թվականին Հայաստան է արտահանել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ, որի արժեքը կազմում է 157 միլիոն դոլար: Մնում է գուշակել, թե ում բանկային հաշվի վրա է նստել այդ գազաքանակի վաճառքից գոյացած գումարը: Ի դեպ, բացառված չէ, որ այդ գործարքը շարունակվում է նաև այս տարի, սակայն քանի որ 2007 թվականի վիճակագրական տվյալները դեռևս հրապարակված չեն, դա չենք կարող պնդել»,-ասել էր Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, իշխանություններն այդպես էլ որևէ հիմնավոր փաստարկով չէին հերքել այս հայտարարությունը:

Ինչ վերաբերում է Թուրքմենական գազին, ապա այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 1993թ. օգոստոսի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանն Աշխաբադ կատարած այցի ժամանակ Թուրքմենստանի նախագահ Ս.Նիյազովի հետ համաձայնագիր էր ստորագրել, համաձայն որի` Թուրքմենստանը ոչ միայն կշարունակի գազի առաքումը ՀՀ, այլև ավելի կմեծացնի չափաքանակները: Սա` 1993 թվականին: Իսկ այսօր իրավիճակը բոլորովին այլ է` Հայաստանում ռուսական «Գազպրոմ»-ը մենաշնորհային դիրք ունի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս