Սերժ Սարգսյանի իշխանությունից բոլորն են փախչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր նախագահության երկու ընտրություններն էլ կասկածելի արդյունքներով ավարտած և ՀՀ նախագահի աթոռին բազմած Սերժ Սարգսյանը ակնհայտորեն չի կարողանում պահել իշխանությունը: Նրան մերժեցին նաեւ ամենաիշխանասեր ու փառասեր ուժերը:

Երբ Սերժ Սարգսյանը 2008-ին իշխանություն ձևավորեց, նրա շուրջ լայն համախմբում կար: Իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած գրեթե բոլոր ուժերը խմբվել էին նրա շուրջ՝ դեմ կանգնելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն անցնող 6 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը չկարողացավ պահպանել այդ կոնսոլիդացիան:

ՀՀ նախագահի աթոռին նստելուց 4 տարի անց Սերժ Սարգսյանը իր իշխանությունից մեկուսացրեց «Բարգավաճ Հյաստան» կուսակցությանը: Իհարկե, նա ուղղակի չհեռացրեց, իրեն աջակցած այդ ուժին, այլ պարզապես այնպիսի պայմաններ ստեղծեց, որ նրանք ինքնակամ հեռացան իշխող կոալիցիայի կազմից:

Ավելի ուշ նաեւ դաշնակցությունը լքեց Սերժ Սարգսյանի թիմը: Նրանք էլ արտաքին քաղաքական տարաձայնությունների պատճառով դուրս եկան, ապա իրենց կուսակիցներին դեսպան ուղարկեցին տարբեր երկրներ՝ նույն արտաքին քաղաքականությունը այլ երկրներում վարելու համար:

Հիմա մեկդարյա կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, կրկին կանգնած է իշխանությունը նույն Սերժ Սարգսյանի հետ կիսելու դիլեմայի առջև. վերցնե՞լ երկու նախարարական պորտֆել և կրել պատասխանատվություն ՀՀԿ-ի հետ զուգահեռ, թե՞ շարունակել մի կողմ քաշված քննադատել կառավարությանը՝ երկիրը դատարկելու համար: Նշենք, որ Դաշնակցության երկօրյա դռնփակ գերագույն ժողովների ընթացքում ևս կարծես թե դաշնակցականները եկել են այն եզրակացության, որ չպետք է մաս կազմել իշխող կոալիցիային: Թեև ՀՅԴ-ի ներսում կան անհատներ, որոնք ցանկանում են կոալիցիայի անդամ դառնալ: Այսպիսով՝ դաշնակցությունն էլ լքեց Սերժ Սարգսյյանին՝ գոնե արտաքուստ:

Իսկ ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա նրանք ևս որոշեցին պատասխանատվություն չկրել Սերժ Սարգսյանի հետ՝ նրան թողնելով միայնակ իր ՀՀԿ-ի եւ երիտթևի հետ: 

Այսպիսով, գծագրված սցենարով կամ ճակատագրի բերումով, մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթացի պատասխանատուն բացառապես Սերժ Սարգսյանն է, նրա ՀՀԿ-ն: Անգամ ամենաիշխանասեր ուժերը սկսել են փախչել իշխանության խորտակվող նավակից: Չլինի՞ ինչ որ բան գտեն՝ ապագայի մասին:

 




Լրահոս