Արագածոտնի 111 համայնքում կա ընդհամենը 29 մանկապարտեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի 3 քաղաքային եւ 111 գյուղական համայնքներում գործում է 29 մանկապարտեզ, որոնցից 5-ը մարզկենտրոն Աշտարակում, 2-ական` Ապարանում եւ Օշականում, ինչպես նաեւ Բյուրական, Աղձք, Վարդաբլուր, Արտենի եւ այլ բնակավայրերում: Մանկապարտեզներից բացի մարզում գործում է նաեւ դպրոցին կից 34 նախակրթարան, որտեղ եւս երեխաներին պատրաստում են ուսումնական տարվան: Երբեմն բացվում են նոր մանկապարտեզներ, իսկ հները նորոգվում են:

Հուլիս ամսին շահագործման կհանձնվի Կոշ գյուղի վերանորոգված մանկապարտեզը, իսկ առաջիկայում էլ` Սասունիկ եւ Փարպի գյուղերի մանկապարտեզները: Նշենք, որ փոքր համայնքներում մանկապարտեզների եւ նախակրթարանների բացակայությունը հիմնականում պայմանավորված է համա-պատասխան շենքային պայմանների բացակայությամբ:

Ագարակի գյուղապետ Վահան Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ գյուղում մանկապարտեզի համար շենք չկա, բայց պահանջը շատ մեծ է. ծնողներն իրենց երեխաներին տանում են հարակից Աղձք գյուղի կամ մարզկենտրոն Աշտարակի մանկապարտեզներ: Ուշի գյուղի դպրոցի փոխտնօրեն Նաիրի Գեւորգյանը ՙԺողովուրդ՚-ի հետ զրույցում նշեց, որ 90-ականներին գյուղում գործել է մանկապարտեզ, որի արտաքին տեսքը մինչ օրս էլ բավականին լավ է պահպանվել, սակայն տանիքը կաթում է, իսկ խոհանոցը շարքից դուրս է եկել: Մի քանի տարի առաջ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ով եւս բնակվում է Ուշի գյուղում, փորձել է որոշ չափով վերանորոգել տանիքը, սակայն շենքը կրկին խոնավացել է եւ պատվել բորբոսով:

Մարզում կան գյուղեր, որտեղ մանկապարտեզները սեզոնային բնույթ ունեն, եւ ոչ լիարժեք պայմանների պատճառով աշխատում են միայն ամռանը: Ծնողների ցանկությունը շատ մեծ է, որ նախադպրոցական տարիքի երեխաները հաճախեն մանկապարտեզներ, եւ հենց այդ պատճառով նրանք երբեմն ստիպված են լինում երեխաներին տանել հարակից բնակավայրերի մանկապարտեզներ, ինչը ե՛ւ ժամանակատար է, ե՛ւ ծախսատար:

Մանկապարտեզների եւ նախակրթարանների խնդրի լուծումն առաջնահերթ անհրաժեշտություն է, եւ մարզի համայնքների ղեկավարներն ասում են, թե քայլեր են ձեռնարկում հովանավորներ եւ ֆինանսներ գնտելու ուղղությամբ, սակայն ոչ բոլոր փորձերն են հաջողությամբ պսակվում: Իսկ պետական աջակցությունն էլ, ցավոք, չափազանց սուղ է` բոլորին բավարարելու համար:

Մարինե Պապյան

Աշտարակ




Լրահոս