Գալուստ Սահակյանն իր աշխատասենյակում հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր աշխատասենյակում հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ից՝ Վահրամ Բաղդասարյանը:

Տեղեկացանք, որ խորհրդարանական 6 ուժերը որոշել են համատեղ նախագիծ մշակել սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու մասին: Թեեւ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը ներկա չեն եղել հանդիպմանը, այնուամենայնիվ նրանք եւս պատրաստակամություն են հայտնել՝ միանալու նախաձեռնությանը: Ավելին՝ ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, թե ինքը մասնակցել է հանդիպմանը:

Նշենք, որ նման նախագծով արդեն հանդես են եկել նաեւ ՀՀ կառավարությունն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Անշուշտ, լավ ու, կարելի է ասել, մի փոքր էլ ուշացած նախաձեռնություն է: Ի վերջո, որեւէ մեկի համար բացահայտում չէր, թե ինչ վիճակում են գտնվում մեր երկրի սահմանամերձ համայնքները: Սակայն մինչ օրս որեւէ պաշտոնյա, որեւէ պատգամավոր հարկ չէր համարում զբաղվել այդ խնդրով: Ինչ է, պիտի Ադրբեջանը դիվերսիաներ կազմակերպեր, սահմանում իրավիճակը լարվեր, որ գործող իշխանությունն ու խորհրդարանական ուժերը գյուղեր այցելեին ու որոշեին արտոնությունների հարցը բարձրացնե՞լ: Համաձայնեք՝ այս իրավիճակից փոքր-ինչ պոպուլիզմի հոտ է գալիս: Ցավոք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս