Խանդի հողի վրա ընկերուհու ականջը պոկած երևանցին ասել է, որ չի գիտակցել` ինչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ Վաղինակ Ոսկանյանը խանդի հողի վրա կատարած արարքի պատճառով հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 30-ին իր նախկին ընկերուհու` իրենից 11 տարով մեծ Սիրանույշ Գրիգորյանցի՝ Նոր Արեշ 35 փողոցում գտնվող բնակարանում խանդի հողի վրա սկսել է վիճաբանել վերջինիս հետ: Վիճաբանության ընթացքում առանձնակի դաժանությամբ խոշտանգման է ենթարկել Գրիգորյանցին` պատճառելով մարմնական ցավ:

Վերջին դատական նիստին դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով` միջնորդելով ամբաստանյալ Վաղինակ Ոսկանյանին դատապարտել  4 տարի 6 ամիս ազատազրկման:

Մեղադրողը վստահ է, որ դատաքննության ընթացքում հիմնավորվել է նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը:

Armlur.am-ի հետ զրույցում Ոսկանյանի պաշտպանը` Անժելա Հոբոսյանը, տեղեկացրեց, որ ըստ մեղադրական եզրակացության` իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 119 հոդվածի 2 մասի 6 կետով, այն է` խոշտանգում, որն առաջացրել է ուժեղ և երկարատև մարմնական և հոգեկան տառապանք: Պաշտպանը նկատեց, որ օրենսդիրը չի բացատրում, թե ինչ ասել է երկարատև տառապանք:

«Սա մեղադրողի ենթադրությունն է: Այս մասին կարող է ասել միայն տուժողը, իսկ տուժողը որևէ պահանջ չունի Վաղինակ Ոսկանյանից և դատարանում ևս մեկ անգամ հայտարարել է, որ նրանք հաշտվել են: Ես դատախազին ասացի, որ նրանք մեղադրանք են առաջադրել, և նա պատասխանեց. «Մի հատ նորից կքննենք»: Թե ինչ էր ցանկանում դրանով ասել, չգիտեմ»,- շարունակելով խոսքը` ասաց պաշտպան Հոբոսյանը:

Վերջինս հիշեցրեց նաև, որ դատահոգեբուժական փորձաքննության միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանը բավարարել էր: Եվ եզրակացության համաձայն` իր պաշտպանյալի մոտ առկա է «անձի հիստերիկ խանգարում», նա պսիխոպատ է. հայտարարել է, թե խոշտանգման պահին Ոսկանյանը գիտակցել է` ինչ է անում:

Պաշտպանի խոսքերով` ամբաստանյալը բազմիցս հայտարարել է, որ չի գիտակցել իր արարքը:

Անժելա Հոբոսյանը տեղեկացրեց նաև, որ դատարանը հրապարակել է նաև ամբաստանյալի` բանակում չծառայելու մասին համապատասխան փաստաթղթերը:




Լրահոս