Կնոջը խմբակային սեռական հարաբերության դրդած ամուսինն ազատազրկվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի 34-ամյա բնակիչ Միքայել Եսայանը կնոջը` Սիրանույշ Ցոլակյանին (անունը փոխված է) ծեծով և բռնությամբ սեռական շահագործման է ենթարկել:

Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 18-ին Եսայանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 132-րդ հոդվածի 1-ին մասով (մարմնավաճառության դրդելը) և 118-րդ հոդվածով (ծեծ): Դատարանի կայացրած վճռով դատապարտվել է 6 տարի ժամկետով ազատազրկման և 60 հազար դրամ տուգանքի:

Հիշեցնենք, որ Եսայանը կնոջը շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ Ցոլակյանի ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու համար համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն:

Եսայանը միաժամանակ շահագրգռել է կնոջը, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարվել։ Շուրջ երկու ամիս համոզելու արդյունքում՝ 2010թ. կեսերին Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպել է իրենց ինտիմ հանդիպումը մինչ այդ ինտերնետային կայքի միջոցով իր հետ ծանոթացած ոմն Ակայի հետ, և դրա դիմաց վերջինիցս ստացել է 20.000 ՀՀ դրամ։ Իսկ այն ժամանակ, երբ Եսայանն իմացել է, որ կինն այլևս չի ցանկանում նմանատիպ հանդիպումներ ունենալ, սպառնացել է նրան առաջին անգամ խմբակային սեռական հարաբերություն ունենալու արատավորող փաստով և մայրական իրավունքներից զրկելով:

Կնոջը ծեծի ենթարկելով` 2010թ. վերջերից մինչև 2013թ. հունիս ամիսը Ցոլակյանին ենթարկել է պոռնկության շահագործման: Այս կերպ Եսայանը նյութական օգուտներ է ստացել և իր անբնական կրքերին հագուրդ տվել: Ընդհանուր մոտ 20 դեպքով, ստիպողաբար ներգրավել է նրան պատահական, ինչպես համացանցի «www.odnoklassniki.ru» և «Знакомства@та!1.ги» կայքերում ծանոթացած օգտատերերի, այնպես էլ իր ծանոթների և վերջիններիս զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններ ունենալուն, ապա նրանց կողմից վճարած գումարները տնօրինել իր հայեցողությամբ։

Բացի այդ, Միքայել Եսայանը, Գեղարքունիքի մարգի Չկալովկա գյուղում բնակվելու ժամանակահատվածում՝ 2013թ. նոյեմբերի 2-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, չնչին անհիմն առիթով վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:

Եսայանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչություն:




Լրահոս