«Մարդկանց մտածելակերպը, հասարակական գործունեությունը ռաբիսացվել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, կիթառահար, երաժիշտ Արմեն Ադամյանը՝ մեծացող, բայց չծերացող ռոքերը, հոկտեմբերի 22-ին տոնեց իր 62-ամյակը: Այնպիսի տպավորություն է, որ տարիքի հետ ավելանում է նաեւ նրա ներքին էներգիան: Արմեն Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ կիսվել է ծննդյան օրվա խոհերով, մեր քաղաքի, երկրի հետ կապված մտահոգություններով:

-Ինչպե՞ս է իրեն զգում 60-ն անց «ծեր ռոքերը»:

-Ռոքն այնպիսի «դրայվ», ներքին էներգիա է տալիս մարդուն, որ ոչ թե հարյուր տարի, այլ հազարամյակներով կհերիքի մարդուն: Ապրում եմ նույն տեմպով, տրամադրությամբ ու դինամիզմով, որի շնորհիվ շարունակում եմ ստեղծագործել: Եվ հետո՝ ինչպե՞ս պետք է իրեն զգա ռոքեր պապիկը, ով իր ծննդյան օրն անցկացնում է թոռնիկների հետ, որոնք իրենց ձեռքով են պատրաստում խորովածն ու հրամցնում նրան:

-Ձեր ընկեր Ռուբեն Հախվերդյանն ասում է՝ 50-ից հետո սեղանը քեֆի կիսատ են թողնում…

-Ամեն տարիք իր գեղեցկությունն ունի: Մարդու ծննդյան օրը նրա մարմնի ծննդյան օրն է: Մենք ի պահ ենք տվել մեր հոգին, մեր ներքին բովանդակությունը…Այդ օրը վարձակալի ծննդյան օրն է:

-Մենակության թեման Ձեր երգերում մեծ տեղ ունի, անգամ այդ թեմատիկայով ձայնասկավառակ ունեք: Դուք գտե՞լ եք մենակության Ձեր բանաձեւը:

-Ընդհանրապես մարդը միշտ մենակ է: Այդ հանգամանքն է նրան ստիպում, որ ինքն իրեն շրջապատի ընկերներով, ընտանիքով: Նա այդ կերպ փորձում է իր հոգու շուրջ կառույց պատրաստել՝ ինքնապաշտպանվելու համար: Ոմանք մենակությունից պաշտպանվում են հարստության, պաշտոնի, աթոռի միջոցով, ոմանք իրենց համար ստեղծում են պատրանքներ…Ամեն դեպքում, հենց այդ մենակության մեջ է բացահայտվում մարդու էությունը:

-Ձեզ, կարծես, հաջողվել է լցնել այդ մենակությունը…

-Ես շատ հարուստ մարդ եմ, ունեմ լավ ընկերներ, լավ ընտանիք, ռոք տատիկն է իմ կողքին, ով 32 տարի իմ թիկունքին է եղել, հարվածային գործիքներ է նվագել, կյանքում էլ է «նվագակցել» ինձ (ծիծաղում է):

-Այս տարիքո՞ւմ էլ եք էրոտիկ բլյուզ երգում:

-Այո՛, անպայման (ծիծաղում է): «Երեւանի սիրուն աղջիկը» շատերին է դուր գալիս, պատրաստվում եմ այդ երգը ներառել իմ հաջորդ ձայնասկավառակում:

-Իսկ նոր երգեր ծնվո՞ւմ են:

-Ինձ նույնիսկ զարմացնում է այն հանգամանքը, որ վերջին երկու տարվա ընթացքում գրվում ու գրվում են երգեր, անգամ չեմ հասցնում տեսակավորել: Մոտ 30 նոր երգ եմ գրել, որոնց շրջանում տարիքային մենության թեման պահպանվում է: Երբեմն զայրանում եմ այն ընկերներիս վրա, որոնք վերջին տարիներին դադարել են ստեղծագործել:

-Ձեր ստեղծագործություններում սոցիալական թեման սուր հնչողություն ունի: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք կուզենաք՝ լուծվեն:

-Այսօր չափանիշները, արժեքային համակարգը փոխվել է, մարդկանց մտածելակերպը, հասարակական գործունեությունը ռաբիսացվել է: Երբեմն գործի բերումով զբաղվում եմ հանդիսավարությամբ, շփում եմ ունենում «վերին» խավերի հետ, եւ ինձ ապշեցնում է նրանց չտեսությունը: Օրինակ՝ մի հարսանյաց հանդեսի ժամանակ քեռին նորապսակներին 12 հազար դոլարանոց արկղ նվիրեց, որի միջից Կահիրեից ժամանած պորտապարուհի դուրս եկավ: Հանդիպել եմ միջահասակ կանանց, որոնք, եթե մի օր ժյուլիեն չուտեն, կարող են գլխապտույտ ունենալ: Մեզ մոտ շատ են նաեւ «ժեշտապաշտները», որոնց գրավում են կրկնվող թվերով համարները: Այս իրականության մեջ կարող ես դուրս գալ Հյուսիսային պողոտա, եւ մի կին օպերա երգի՝ արիա «Անուշ»-ից, եւ փող մուրա: Մի երկրում, որտեղ վաճառվում են երեք միլիոնանոց գինիներ, թոշակառուն կարող է չնչին թոշակ ստանալ:

-Ինքներդ Ձեզ՝ որպես արտիստ, գնահատված զգո՞ւմ եք, ինչո՞ւ ոչ՝ նաեւ ֆինանսական առումով…

-Դա մեր ամենացավոտ կողմն է: Ես համարում եմ, որ ես, Ռուբիկը, Վախթանգը եւ մյուսները, թող անհամեստություն չհնչի, իսկական հայրենասերներ ենք, ովքեր իրենց համեստ վաստակով մնացել են հայրենիքում:

-Մի երգ ունեք, որում Երեւանն անվանում եք «գեղեցիկ շենքերով տգեղ քաղաք»: Ի՞նչը կարող է տգեղացնել մեր քաղաքը:

-Դատարկ գործարաններն ու Հյուսիսային պողոտայի՝ դրանց համարժեք դատարկ տները, տրանսպորտի վատ աշխատելը, ցանկացած որոշում ու տուգանք, որ աբսուրդի թատրոն է հիշեցնում:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Հախվերդյան Ռուբիկը մի լավ երգ ունի, որում ասվում է. «Ես հիշում եմ քաղաքը, ուր ապրում էին մարդիկ մարդկանց նման…». հենց դրա մասին եմ երազում:

Զրուցեց Աննա Բաբաջանյանը




Լրահոս