Հայրիկովս հպարտանում եմ. զոհված հրամանատարի որդին ցանկանում է նմանվել հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի երկնքի պահապաններն այսօր հողին հանձնվեցին և, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, օդաչուները չեն զոհվում, նրանք հերթական չվերթն են իրականացնում, այս անգամ դեպի հավերժություն:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել էր պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Այն վայր էր ընկել շփման գծի չեզոք գոտում. հայկական կողմը 3 զոհ էր տվել։

Այսօր՝ պանծալի հերոսների հուղարկավորությանը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը զոհված օդաչուների հարազատներին հանձնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` օդաչուներին հետմահու շնորհած շքանշանները: Անձնակազմի հրամանատարի` Սերգեյ Սահակյանի շքանշանը ստացան նրա երկվորյակ որդիները. որդիներ, ովքեր մշտապես ներկա են գտնվել իրենց հոր զորավարժություններին: Հրամանատար Սահակյանը երազում էր՝ որդիներին տեսնել զինվոր դարձած:

-Հպարտանո՞ւմ ես հայրիկովդ:

-Ըհը, շատ…. հպարտ եմ, հայրիկովս հպարտանում եմ,- հազիվ լսելի ձայնով, գլուխը խոնարհած Armlur.am-ի հարցին այսպես պատասխանեց զոհված օդաչու Սերգեյ Սահակյանի երկվորյակ որդիներից Արթուրը:

Անձեռոցիկը ձեռքին ոլորելով, հայացքը գետնից չբարձրացնելով՝ գլուխը բարձրացրեց հրամանատարի 12-ամյա որդին:

-Կուզե՞ս հայրիկիդ նմանվես, հայրենասեր լինես…

Գլուխը կրկին խոնարհած՝ համաձայնության նշան արեց Արթուրը:

-Դե… ըհը, կնմանվեմ… 

Հ.Գ. Խոր լռությամբ ողջ հայ ժողովուրդն է սգում հերոս հայորդիների վաղաժամ մահը: Եվ հենց ազգի նվիրյալների շնորհիվ է պահպանվում հայերիս խաղաղ կյանքը: Հավերժ փա՛ռք հայ զինվորին:

Mourning Rally and funeral at Yerablur military pantheon




Լրահոս