Միջադեպ՝ դատապարտյալի և քրեակատարողական վարչության աշխատակիցների միջև. «տուլիտը» ձախողվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի՝ փետրվարի 23-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում վիրահատվել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը: Armlur.am-ի հետ զրույցում դատապարտյալի կինը՝ Կարինե Հակոբյանը, հայտնեց, որ վիրահատությունից 3 օր անց ամուսնուն տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հետվիրահատական փուլն այնտեղ անցնելու: Նրան ԴՀ ՔԿՀ են տեղափոխել ՔԿ վարչության բարձրաստիճան ծառայողներ, ովքեր նախքան ՔԿՀ գնալը, օրինական կարգով խուզարկություն են իրականացրել: Արդյունքում Արտակ Հակոբյանի մոտ անօրինական որևէ իր չի հայտնաբերվել: Քրեակատարողական հիմնարկում օրվա հերթապահ պատասխանատուի օգնական, արդարադատության ավագ լեյտենանտ Աշոտ Մալոյան ՔԿՎ մյուս աշխատակիցների ներկայությամբ կրկին խուզարկել է դատապարտյալին. արդյունքը նույնն է եղել:

Կ. Հակոբյանի խոսքով՝ խուզարկության ժամանակ ներկա է գտնվել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակից, արդարադատության մայոր Սամվել Թունյանը:

«Թունյանը ներս ու դուրս է արել: Հետո հերթապահի օգնականին հարցրել է՝ խուզարկե՞լ է ամուսնուս, թե ոչ, նա պատասխանել է, որ խուզարկել է: Հետո Թունյան Սամվելը հեռախոս է գցել ամուսնուս սպորտային համազգեստի գրպանը ու հարցրել, թե էս ի՞նչ հեռախոս է գրպանումդ: Ամուսինս զարմացել է, թե ի՞նչ հեռախոս: Ապա զայրացել ու հեռախոսով հարվածել է գետնին: Այնտեղ նաև երկաթի սղոց է եղել, ամուսինս զայրույթից փորձել է ինքնավնասում անել, բարեբախտաբար, հիմնարկի աշխատակիցներին հաջողվել է կանխել դա: Ամուսնուս խուզարկողներն էլ են բարձրաձայնել, որ նրա մոտ անթույլատրելի որևէ իր չի հայտնաբերվել, այդ թվում՝ բջջային հեռախոս»,- պատմեց դատապարտյալի կինը:

Կ. Հակոբյանի փոխանցմամբ, Սամվել Թունյանը հենց այն մարդն է, ով 2012 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ուշ երեկոյան, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մի քանի այլ աշխատակիցների հետ ծեծի էին ենթարկել ամուսնուն: Այս գործով, սակայն, քրեական գործ չի հարուցվել, քանի որ հետագայում դատապարտյալը չի բողոքել:

Դատապարտյալի կինը հայտնեց նաև, որ եթե դեպքի առթիվ քրեական գործ չհարուցվի, ամուսինը՝ չնայած նոր վիրահատված լինելու հանգամանքին, պատրաստվում է անժամկետ հացադուլ և ջրադուլ հայտարարել:




Լրահոս