Ինքնասպանություն գործած զինվորին ծառայակիցները ծաղրել և ծեծի՞ են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ժամկետային զինծառայող շարքային Ալբերտ Սաֆարյանին ինքնասպանության հասցնելու գործով ձերբակալված վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ, շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը կալանավորվել են:

Ժամկետային զինծառայողները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով), իսկ վաշտի ավագ Արայիկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը)։

Հիշեցնենք, որ 27.02.2015թ.՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս