Ինչո՞ւ մայրը սպանեց նորածին որդուն. մանրամասներ` Շիրակում կատարված ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ մարտի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Մայրը կասկածվում է իր` տնային պայմաններում ծնված 5-րդ` նորածին երեխայի սպանության մեջ: Դեպքը տեղի է ունեցել Սարիար գյուղում:

Համայնքի ղեկավար Բաբկեն Ավետիսյանը Armlur.am-ին հայտնեց, որ խոսել է երեխային սպանելու մեջ կասկածվող կնոջ հետ, ով իրեն ասել է, թե երեխան մահացած է ծնվել: Համայնքի ղեկավարն այդ կնոջը, ով 4 երեխաների մայր է, բացատրել է, որ դատաբժշկական փորձաքննությունը տալու է բոլոր հարցերի պատասխանները, և եթե նրա խոսքերը սուտ լինեն, վիճակն ավելի կբարդանա: Այդունահանդերձ, այդ կինը հայտարարել է, որ տան պայմաններում լույս աշխարհ եկած երեխայի մահվան մեջ ինքը մեղավոր չէ:

Ավելին, Բաբկեն Ավետիսյանը մեզ հայտնեց, որ խոսել է մահացած նորածնի հոր հետ, ով ասել է, թե տեղյակ չի եղել, որ կինը պետք է ծննդաբերի այդ օրը, և ոչ ադեկվատ վիճակում գտնվելով` կրկնել է կնոջ բացատրությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գյուղապետն Armlur.am-ին հայտնել էր, որ այդ ընտանիքը սոցիալապես ապահովված է, անասուններ ունեն և պարբերաբար օգնություն են ստանում գյուղապետարանից:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը: Որպես կասկածյալ հարցաքննված նորածնի մայրը, հայտնել է, որ 2015 թվականի մարտի 23-ին՝ առավոտյան, տանը ծննդաբերել է արու զավակ, ապա խեղդամահ արել նրան՝ իրենց ընտանիքի սոցիալական վատ վիճակի ու երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով:

Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին (կինն ամուսնացած է, խնամքին ունի երեք անչափահաս երեխա)։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Տեղեկացնենք, որ Aravot.am-ը հայտնել էր, որ նորածնի սպանության մեջ մեղադրվող կինն ազգությամբ ռուս է: Տարիներ առաջ ևս մի երեխա է ունեցել, ով խեղդվել է գյուղի ջրամբարում: Իսկ 5-րդ երեխայի ծնվելու մասին գյուղացիները տեղեկացել են կնոջ կրտսեր աղջկանից, ով գյուղում ասել է, որ իրենց տանը «նոր երեխա է ծնվել»: Կայքի փոխանցմամբ` այս մասին տեղեկացել է նաև բուժքույրը, ով հայտնել է գյուղապետին, վերջինս էլ ոստիկանությանը:




Լրահոս