Ծանոթ եմ ման գալիս, որ մտնեմ ՕԵԿ. Հարություն Ղարագյոզյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին Աժ ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե ՕԵԿ գրասենյակներում կտրուկ ավելացել է կուսակցությանն անդամագրվելու դիմումների թիվը: «Այո, մեր գրասենյակներում ընդունելության գործընթացն իրականացել է այդ օրերին եւ ավելի ակտիվ է եղել, քան նախկինում: Ես տեղեկություններ չունեմ, թե ով ինչ է ասում, կամ ով ում է զանգում, բայց որ մեր գրասենյակներում ակտիվություն կա, ես դա հաստատում եմ»:

Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ նախկին անդամներ, այդ թվում` պատգամավորներ, դիմել են, ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ԲՀԿ անդամներ դիմել են, իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է»: Նշենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո մի խումբ ԲՀԿ-ական պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք լքում են կուսակցությունը, իսկ երեք հոգի էլ` ԲՀԿ խմբակցությունը՝ Գրիգորի Մարգարյան՝ Բելաջիոյի Գրիշ, Մուշեղ Պետոյան եւ Դավիթ Քոչարյան:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հարություն Ղարագյոզյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նրանք դիմո՞ւմ են ներկայացրել՝ «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու համար:

-Պարո՛ն Ղարագյոզյան, պատրաստվո՞ւմ եք ՕԵԿ շարքերը համալրել, արդյո՞ք դիմում եք ներկայացրել՝ կուսակցությանը անդամագրվելու համար:

-Ճիշտն ասած՝ ես ծանոթ եմ ման գալիս, մարդ եմ ման գալիս, չեմ կարողանում գտնեմ, որ մտնեմ ընդեղ (Ծիծաղում է: Ս. Գ.): Ախր, տենց բան ոնց կլինի, նման բան իրականում չկա: Նաիրա Զոհրաբյանը մի անգամ հայտարարեց, որ կարող է Նոյեմբերյանի գյուղերից որեւէ մեկը դուրս է եկել ԲՀԿ-ից ու հիմա ասում է, որ ՕԵԿ-ական եմ ուզում դառնամ, իրենք դա վերցրել են ու սկսել ինչ-որ տեղեկություններ տարածել: Դրա հիման վրա էլ երեւի հայտարարում են, թե պատգամավորներն են ուզում իրենց կուսակցության անդամ դառնալ: Նման բան չկա, ու չեմ կարծում, որ մեր դուրս եկածներից որեւէ մեկը կմտնի ՕԵԿ:

-Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ՕԵԿ-ականները նման հայտարարություններ անում:

-Երեւի իրենց հեղինակությունը բարձրացնելու համար: եթե նման բան կա, թող մի օրինակ բերեն, եթե մեզանից որեւէ մեկը մտել է, էդ ինչ է՝ մենք ցանկություն ենք հայտնում, իրենք մեզ տեղ չե՞ն տալիս: Չկա իրականում նման բան ու վերջ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս