Բնապահպանության նախարարը ցուցարարների մասին լսելիս անմեղսունակ է «դառնում». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ այս օրերին տարբեր իշխանական պատգամավորների կողմից փորձ է արվում ցույց տալ, թե իբր Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունում եւս մտահոգված են ստեղծած իրավիճակով եւ իրենք էլ դեմ են թանկացումներին, իշխանության որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս, բառիս բուն իմաստով, անմեղսունակ պահվածքով:

Ըստ ամենայնի` նրանք ոգեւորվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությամբ, որը Կառավարության նիստում դիմելով ցուցարարներին` հայտարարել էր. «Նման ոճը որեւէ հաջողության չի բերի», եւ համարելով, որ հարցի շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է, հանդես են գալիս արդեն իրենց իրական դեմքով` այլեւս ձեւեր չթափելով, թե «իրենք եւս ողջունում են մեր փայլուն երիտասարդության պայքարը» եւ այլն, եւ այլն:

Այդ շարքում հատկապես ուշագրավ էր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի պահվածքը, ով Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով` երեկ ասել էր. «Նախ պետք է հասկանալ, թե ինչի համար են դժգոհում ցուցարարները»: Փաստորեն, ՀՀ Կառավարության անդամը մի ամբողջ շաբաթ մայրաքաղաքի սրտում` Ազատության հրապարակում եւ նախագահական նստավայրի առջեւ շարունակվող բողոքի շուրջօրյա ակցիաներին հետեւելով` այդպես էլ չէր հասկացել, թե ինչից են ցուցարարները դժգոհում: Այսքանից հետո սպասել, թե նա կհասկանա, որ էլէներգիայի սակագնի` բնակչության համար մատչելիությունն ապահովելը ոչ թե լրագրողների (ումից նա բորբոքված լուծումներ եւ տարբերակներ էր պահանջում) այլ իշխանությունների պարտականությունն է, անիմաստ է:

Իհարկե, բնապահպանության միլիոնատեր նախարարի եւ նրա գործընկերների համար դժվար էլ հասկանալի լինի, թե ինչից են բողոքում ցուցարարները, քանի որ նրանց համար որեւէ նշանակություն չունի` սակագինը 7, 10 թե 50 դրամով կթանկանա: Միեւնույն է՝ իրենց բիզնեսների համար օգտագործվող լույսի, գազի կամ ջրի վարձավճարները ցանկության դեպքում նրանք կարող են եւ չվճարել: Իսկ, ահա, ամսական 55 հազար դրամ ստացող քաղաքացու համար այս թանկացումը հսկայական բեռ է, որը նրան ստիպելու է բռնել արտագաղթի կամ արտագնա աշխատանքի ճանապարհը: Մինչդեռ շատերը չեն ուզում արտագաղթել, մարդիկ պարզապես ուզում են իրենց հայրենիքում ապրելու հնարավորություն ունենալ, եւ սա նաեւ հանուն այդ իրավունքի տարվող պայքար է:

Իսկ ինչ վերաբերում է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, ապա նա լավ կաներ` փորձեր հասկանալ, թե ինչից են դժգոհում ցուցարարները, որովհետեւ, ի դժբախտություն իրեն եւ իր գործընկերների, հեռու չէ այն օրը, երբ այսպիսի բողոքի ալիքներ են լինելու նաեւ այլ` բնապահպանության նախարարի իրավազորության տակ գտնվող ոլորտներում իրականացվող անխնա թալանի դեմ:




Լրահոս