Անպատժելիության հերթական զոհը. բժշկական կենտրոնում երեք երեխաների մայր է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին «Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնում, որը առավել հայտնի է Մարգարյանի հիվանդանոց անունով, կանացի խնդրով (արգանդի միոմա) վիրահատության էր ենթարկվել Վարդենիս քաղաքի բնակիչ, երեք երեխաների մայր Կարինե Աղաբեկյանը, որը 14 օր գիտակցության չգալով՝ երեկ մահացավ:

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել բժիշկների անտարբերության եւ անփութության արդյունքում տեղի ունեցած մահվան դեպքերին: Սակայն, ինչպես փորձն է ցույց տվել, ոչ մի բժիշկ պատասխանատվության չի ենթարկվում, ինչն էլ պատճառ է դառնում նորանոր դեպքերի: Ասել է թե՝ անպատժելիության դրսեւորումները ծնում են նոր հանցագործություններ, ինչի վկայությունն է Վարդենիս քաղաքի բնակիչ, երեք երեխաների մոր՝ Կարինե Աղաբեկյանի հետ տեղի ունեցածը:
Եվ այսպես, ինչ է տեղի ունեցել, ով է եղել երեք երեխաների մորը վիրահատող բժիշկը:

Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կարինե Աղաբեկյանի հարազատները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեցին, որ Կարինեն ողջ առողջ է եղել, իր ոտքով է գնացել հիվանդանոց. «Արգանդի միոմա էր, ու բարդ վիճակ չէր, պարզապես ուզում էր վիրահատել, ազատվել: Նույնիսկ շատ մարդու չէր էլ ասել՝ մտածելով 2 օր անց տանը կլինի: Օգոստոսի 19-ին եկավ Մարգարյան հիվանդանոց, որտեղ ասացին, թե կարճ վիրահատություն է լինելու եւ լաբարասկոպիկ ճանապարհով կիրականացնեն, կավարտեն: Բայց վիրահատությունը տեւեց 3 ժամ, հետո բժիշկը դուրս եկավ, թե կիստան մեծ է, դրա համար է վիրահատությունը երկար տեւում, հետո անցավ 5-6 ժամ, մեզ ասացին, թե չեն կարող վիրահատել: Ասացին՝ առանց նարկոզից հանելու շտապ պետք է տեղափոխեք «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իրանց վրից քցեցին ու տեղախոփեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն»:

Կարինեի հարազատների խոսքով՝ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներն ամեն ինչ արել են՝ Կարինեին փրկելու համար, եւ կատարվածի մեղավորները Մարգարյան հիվանդանոցի բժիշկներն են՝ ի դեմս վիրահատող բժիշկ Արմեն Գասպարյանի. «Դուք չեք պատկերացնում՝ ինքը ինչ առողջ է եղել, մեկ օր առաջ վալեյբոլ էր խաղում: Մենք իմացել ենք, որ Մարգարյանում վիրահատության ժամանակ արյունը լցվել է փորը: Հետո ասեցին, թե ալերգիա է ունեցել, դրա համար է բարդություն առաջացել: Բա մեկը չի հարցնում՝ դուք անալիզ չե՞ք վերցնում վիրահատությունից առաջ, տեսնեք՝ ալերգիա ունի՞ քաղաքացին, թե՞ ոչ: Ինչ ասենք, «Էրեբունի» ԲԿ-ում էլ անգամ վիրահատեցին, որ արյունը հանեն փորից, բայց… Երեք երեխաների մայր, ահավոր բան եղավ»:
Նշենք, որ Կարինեի հարազատները ՀՀ գլխավոր դատախազությունում եւ ոստիկանությունում հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց Մարգարյան հիվանդանոց, սակայն տնօրինությունից մեզ հայտնեցին, որ հիվանդանոցի տնօրեն Գեորգի Օկոեւը արձակուրդի մեջ է, ուրիշ ոչ ոք տեղի ունեցածի մասին որեւէ բան չի կարող ասել: Փորձեցինք կապ հաստատել նաեւ վիրահատող բժշկի` Արմեն Գասպարյանի հետ, սակայն վերջինիս աշխատասենյակի հեռախոսահամարին պատասխանեց մեկ այլ տղամարդ եւ ասաց, որ բժիշկը հիվանդանոցում չէ: Ու այդպես էլ նա չվերադարձավ:

Իսկ ի՞նչ է մտածում առողջապահության նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Մուրադյանի: Մեր հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցի, որ խնդրի մասին տեղյակ են: Ավելին՝ երբ Կարինեի վիճակը վատացել է, կոնսուլիում են հրավիրել բարձրակարգ բժիշկների մասնակցությամբ, սակայն ներկա պահին որեւէ մեկնաբանություն չեն կարող տալ, քանի որ տեղի ունեցածի համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ խնդիրը այլեւս իրենց տիրույթում չէ: Իհարկե, նախարար Մուրադյանը մշտապես ձեռքերը լվանում է՝ նշելով, թե մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննություն են իրականացնում, եւ այն ավարտվելուց հետո պարզ կլինի, թե արդյո՞ք բժիշկը թույլ է տվել մասնագիտական սխալ, թե ոչ:

Լավագույն դեպքում ձեւավորվում է մասնագիտական հանձնաժողով, որը դեպքից ամիսներ անց նոր մի անատամ եզրակացություն է տալիս՝ որպես կանոն պաշտպանելով բժիշկ գործընկերներին: Չի եղել դեպք, որ որեւէ հիվանդանոցի նկատողություն հայտարարվի, լիցենզիայից զրկելու նախաձեռնություն իրականացվի եւ այլն: Կարելի է ասել, որ «գալչկայի» համար կոնսուլիում են հրավիրել, որպեսզի նախարար Մուրադյանի անունը հնչի, իսկ գլխավորն այն է, որ երեկ նա իր ղեկավարած ոլորտը կարգավորելու փոխարեն մանկության գիրկն էր ընկել եւ սեպտեմբերի 1 էր տոնում` հանդիպելով իր աշխարհագրության ուսուցչուհուն: Թերեւս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերով դիմենք նրան՝ «սթափվե՛ք», պարո՛ն Մուրադյան, հայրենի առողջապահական ոլորտում անպատասխանատվությունն  ու անտարբերությունն է իշխում:

Իսկ իրավապահներն էլ, որպես կանոն, բազմաթիվ փարձաքննություններ նշանակելով՝ ամիսներ շարունակ քննում են գործը, եւ երբ աղմկալի մահվան դեպքը կորցնում է հնչեղությունը, այն կարճում են՝ բժշկի արարքի մեջ հանցակազմ չկա պատճառաբանությամբ: Միայն բացառիկ դեպքերում են բժիշկները հայտնվում ճաղերի հետեւում, երբ հարազատները, մոռանալով իրենց վիշտը, մինչեւ վերջին շանսը պայքարում են: Բայց այդպիսի դեպքերը շատ քիչ են լինում:

Հ.Գ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Մարգարյան հիվանդանոցի բժիշկների սխալի համար քաղաքացիները դիմում են իրավապահներին: Դեռեւս 2013 թվականին Աշտարակ քաղաքի բնակիչ Կարապետ Կարապետյանը հայտնել էր, որ բժիշ Օկոեւի գլխավորությամբ վիրահատել էին իր կնոջ ձվարանի «կիստան», եւ այն հեռացնելու ժամանակ հեռացրել էին նաեւ կնոջ արգանդը, փողերը, ձվարանները` պատճառաբանելով, որ կյանքի հետ անհամատեղելի խնդիր է, իսկ ամենազավեշտալին այն էր, որ միզածորանն էլ էին կարել:

Իսկ մեկ այլ վիրահատությամբ էլ հեռացրել էին երիկամը: Մինչդեռ Կարապետ Կարապետյանը, չվստահելով հայաստանյան փորձագիտական կենտրոնների փորձաքննության արդյունքներին, ծախսելով մեծ գումարներ, գերմանացի մասնագետներից պարզել է, որ հայ բժիշկների ցուցումը ճիշտ չէր, եւ կնոջ օրգանները հնարավոր էր պահպանել:  Իհարկե, կնոջ ամուսինը դիմել էր իրավապահներին, սակայն այդպես էլ բողոքներն ապարդյուն անցան, իսկ բժիշկն այս պատմությունից արդարացված դուրս եկավ:

Հավելենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քնար Մանուկյան




Լրահոս